Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։
Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։
Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ կարևոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։
Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։