«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունն առաջինն անգամ չէ, որ փորձում է երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծել ՀՀ նախագահի առաջ վարկաբեկված պաշտոնյաների ցուցակ դնելով և նրանցից ազատվելու հորդորով: Այլ խոսքով՝ ՀՅԴ արտագաղթի կասեցման դեմ ծրագրի որոշ դրույթներ, որոնք վերաբերում են հակաքրիստոնեական վարք դրսևորած, կոռումպացված պաշտոնյաներից ազատվելու պահանջին, այսպես կոչված լավ մոռացված հինն է:

 

Հիշեցնենք, որ երեկ արտագաղթի կասեցման դեմ ՀՅԴ համալիր ծրագրի պաշտոնական ներկայացման համատեքստում Դաշնակցությունը ՀՀ իշխանություններին կոչ էր անում պաշտոնանկ անել հանրային վստահություն չունեցող, հակաքրիստոնեական, կոռուպցիայի մեջ թաղված, կազինո գնացող պաշտոնյաներին՝ խոստանալով նրանց ցուցակը ներկայացնել ապագայում:

 

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, թե տեղյակ չի, որ իրենց պահանջը նախագահից՝ պաշտոնանկ անել հանրային վստահություն չունեցող, հակաքրիստոնեական վարք դրսևորող պաշտոնյաներին՝ առաջինը չէ։

 

Ի պատասխան հարցի, թե ինչ ճակատագրի է արժանացել ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանի նախկինում ներկայացրած ցուցակը և, հետևաբար, ի՞նչի կարժանանա այս մեկը , Արծվիկ Մինասյանն ասաց. «Անկեղծ ասած տեղյակ չեմ ինչ ցուցակի մասին է խոսքը»։

 

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ պնդեց, թե ինքը նման բան չի հիշում:

 

Ժամանակին մամուլի գրեթե բոլոր պարբերականներում գրվում էր Դաշնակցության «սև ցուցակի» մասին՝ ներկայացված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

 

«Ժամանակ» օրաթերթի 2007 թ. հունիսի 1-ի «Դաշնակցության կոնտրառաջարկը Քոչարյանին» վերտառությամբ հոդվածում նկարագրվում է մի իրավիճակ, երբ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հապաղում է կոալիցիա մտնելու հարցում և դաշնակցականների հրանտմարգարյանական թևը պնդում է, որ հարկավոր է չընդունել իշխանությունների «թուլաբաժին» առաջարկը և պատվով ընդդիմադիր դառնալ, իսկ մի մասն էլ' վահանհովհաննիսյանական թևը, հակված է կիսել պատասխանատվությունը' դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Ապա հղում անելով նախագահականի աղբյուրներին՝ նշվում է, որ Հրանտ Մարգարյանը նախագահին « կոնտրառաջարկ» է արել՝ ցուցակ ներկայացնելով և պահանջելով աշխատանքից հեռացնել կառավարության մի շարք վարկաբեկված ներկայացուցիչների. Գյումրու այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, Երվանդ Զախարյանին և այլն, սակայն նրանց ասվել է, որ «ձիերին գետանցի ժամանակ չեն փոխում»:

 

Ինչ վերաբերվում է նոր, նույնաբովանդակ նախաձեռնությանը, ապա Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ այստեղ իրենք անուններ չեն հրապարակի, այլ ուղղակի կնշեն չափանիշները, իսկ իշխանություններն արդեն կհասկանան, թե ում է վերաբերում և քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։

 

«Խնդիրն այն է, որ քաղաքականության մեջ այս հարցի լուծումն ամբողջությամբ իշխանության իրավասության մեջ է։ Չենք պատրաստվում ցուցակներ ներկայացնել կամ հրապարակել անուններ, մենք տալիս ենք չափորոշիչները, որոնք մեր պատկերացմամբ կան, բայց անուններ չենք ներկայացնելու, որպեսզի ծրագրի գործողությունը չտուժի դրանից»,- ասաց նա։

 

Պատգամավորը նաև նշեց, թե իրենք այս նախաձեռնությամբ ընդամենը ասում են, որ բավական թվով պաշտոնական անձինք կան, որոնց գործունեությունը առաջացնում է հոգեբանական բացասական գործոն մեր քաղաքացիների վրա և հաջորդաբար նպաստում է արտագաղթի խրախուսմանը։

 

«Հետևաբար այդ չափանիշներին չբավարարող անձինք պաշտոններից պետք է հեռացվեն, բայց այդ իրավասությունը պատկանում է իշխանությանը, ՀՀ նախագահին»,- ասաց նա։

 

Արծվիկ Մինասյանը, թեև պնդում է, որ ինքը տեղյակ չէ նախորդ ցուցակից ու դրա ճակատագրից, այդուհանդերձ նշում է, որ անուններ չեն հրապարակում, քանի որ փորձը ցույց է տվել, որ այդ դեպքում այդ մարդիկ պաշտպանվում են հենց իշխանության կողմից։

 

«Անուններ չենք ասում, քանի որ կյանքը ցույց է տվել, որ երբ անուններ ես հրապարակում, այդ անունները դառնում են պաշտպանված էլի իշխանությունների կողմից, դրա համար մենք, նպատակ ունենալով, որ այս ծրագիրը դառնա ոչ թե քարոզչության միջոց կամ կուսակցության հեղինակությունը բարձրացնելու միջոց, այլ ազգային գործողությունների պլատֆորմ, որի իրականացումն ամբողջությամբ պատկանում է իշխանություններին, մենք չենք ուզում, որ մտնենք իշխանության դաշտ ու հրապարակենք անուններ, որոնք հետագայում կսկսեն պաշտպանվել իշխանությունների կողմից»,-ասաց նա։

 

Դիտարկմանը, թե անուններ չտալով արդյոք անհասցե չեն մնա իրենց պահանջը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ո՛չ, իհարկե, անհասցե չի լինի, այսինքն, եթե հստակ չափանիշները բավարարվեն և դրան համապատասխան իշխանությունն արդեն ինքն իր մեջ կարողանա գտնել, որևէ բան անհասցե չի լինի»։

 

Ամեն դեպքում ՀՅԴ պատգամավորը խորհուրդ տվեց. «Պետք չի հարցեր ծավալել, որոնք առնչություն չունեն այս հարցի փորձարկման հետ»։