Հայաստանում է Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանը, սակայն ոչ թե երաժշտական նախագծով, այլ' մասնակցելու Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, որը տեղի կունենա վաղը։

Իէն Գիլանն անկեղծանում է, որ իր ներգրավումը դպրոցի վերականգնմանը շատ անձնավորված և խորհրդանշական բնույթ ունի։

«89թ-ին երկրաշարժից մեկ տարի անց եղանք Սպիտակում, ծանր էր այդ ավերածությունները տեսնել, որից տպավորված փորձեցինք մի բան անել։ Ոչ մի բան չկար, լռություն էր, եկեղեցում չէին երգում, անգամ թռչունները չէին երգում, ինչն էլ մեզ դրդեց մի բան անել»,- ասաց նա:

Deep Purple խմբի մենակատարն ավելացրեց, որ իրենք հասկացան, որ կյանքն առանց երաժշտության դժվար է ու թեև չխոստացան, այլ ուղղակի ձեռք սեղմելով հեռացան, բայց իրենց մեջ որոշեցին, որ կվերադառնան և կօգնեն քաղաքին այն ժամանակ, երբ նա պատրաստ լինի երաժշտության։

Իէն Գիլանը նշեց, թե այն ժամանակ դպրոցի մասին տեղյակ չէին, մտածում էին գուցե համերգ տալ, հետո արդեն տեսնելով դպրոցի վիճակը՝ փոխեցին իրենց որոշումը։

«Դպրոցը ողբալի վիճակում էր, պատերը ծակ էին, իսկ այդ պայմաններում դժվար էր երաժշտություն սովորել։ Շատ հուզիչ է, որ տեսնել, որ այս ամեն ինչը վերջնական տեսքի է գալիս։ Իմ մասնակցությունը նրանում է, որ ես ինչպես Deep Purple խմբում, այնպես էլ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի դեմքն էի, ես պետք է խանդավառություն առաջացնեի»,- ասաց նա և շեշտեց, որ հայկական կողմի ներդրումը այս նախագծում անհավատալի է։

Թե ինչը ստիպեց Իեն Գիլանին աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական դեպքերից ընտրել հենց Հայաստանը, ռոք երգիչը պատասխանեց. «Առնվազն տարիների ընթացքում շատ տեղերում եմ բարեգործական նախագծերում մասնակցել, որոնցից շատ անգամ հիասթափված եմ դուրս եկել, դրա համար տարիների ընթացքում բծախնդիր բնավորություն եմ ձեռք բերել, թե ինչին մասնակցեմ։ Բացի այդ անձնավորված է այս նախաձեռնությունը, ամեն ինչ իմ աչքով տեսա, անձնական և հոգևոր կապ ունեի»,- նշեց նա։

«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը հիշեցրեց, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի նախաձեռնողը այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան Ջոն Դին էր։

«Եթե նա չնախաձեռներ, այսօր բոլորս այստեղ հավաքված չէինք լինի»,-ասաց Արա Թադևոսյանը։

«Մենք միասին որպես թիմ կարողացանք դա անել, ինչից մենք իսկապես հաճույք ենք ստանում»,- համեստորեն նկատեց Ջոն Դին։

Արա Թադևոսյանը իր հերթին հավելեց, որ նախագծում մեծ դեր է ունեցել «Հայ օգնության ֆոնդը», մասնավորապես «Մարտիկյան» հիմնադրամը, որը 350 000 դոլար է փոխանցել, ինչը թույլ տվեց սկսել շինարարությունը և ավարտել այն։ Բացի այդ Կանադայից են նոր գործիքներ ստացել, ինչպիսին չկան նույնիսկ Երևանի երաժշտական դպրոցներում։