Hetq.am Այսօր նշում ենք անկախության 22-րդ ամյակը: Անկախության տարիներին իրավունքի զարգացման եւ այդ ճանապարհով առաջ գնալու «Հետքի» հարցին ի պատասխան' քաղաքագետ, փաստաբան Ցոլակ Գրիգորյանը նշեց, որ պետությունը, որպես համակարգ, կարող է գործել որպես դրական և բացասական երևույթ ժողովրդի համար: Ըստ նրան' մենք ունենք կվազի-ժողովրդավարություն և այն ամենն, ինչ կա այսօր մեր պետության ինստիտուտների, անգամ մարդկային փոխահարաբերությունների մեջ, առջևում կարելի է այդ «կվազին» ավելացնել:
«Համակարգը գործում է որպես հակահամակարգ, չի կարող մի համակարգում ինչ-որ ենթահամակարգ լավ աշխատել մյուսները' վատ: Նույն քաոսային իրավիճակում գտնվում է նաև իրավունքի ճյուղը, այլ կերպ չէր կարող լինել»,- ասում է Ցոլակ Գրիգորյանը:
Փաստաբանի կարծիքով' պետությունը զարգանալու տեսլական չունի, ծրագիր չունի, իսկ ինչը որ ցույց են տալիս, ընդամենը կեղծիք է:
«Պետական իշխանությունը զավթած անձինք, որոնք իշխանություն ունեն, իրենց ցուցանիշները, երբ ներկայացնում են փոքր-ինչ բանիմաց մարդիք, դրանք ուղղակի ջարդում են: Իշխանությունները տուն չեն կարողանում կառուցել, բայց տուն լավ նկարում են, ու ցավը նրանում է, որ ասում են' կարող եք այնտեղ ապրել: Իսկ ամենացավալին այն է, որ իշխանություններն անկախական չեն, դրա գիտակցությունը չունեն և ընդամենը խաչագողներ են, ովքեր եկել են իրենց օրվա, իրենց կարծիքով, իրենց թոռների, հացը հոգան ու գնան»,-ասում է Ցոլակ Գրիգորյանը:
Նրա խոսքով'մենք մեր պատմությունը չգիտենք, չգիտենք' որն է մեր տեղն ու դերը այս աշխարհում, իսկ դրա համար պետք է գնանք անցյալ, սնվենք մեր պապերի պատգամներով, նրանց վարք ու բարքը հասկանանք ու այսօրվա հային հայ կոչմանը արժանացնեք: «Հայը հային գայլ է, պետք է հայը հային հայ դառնա»,-նշում է փաստաբանը:
Անդրադառնալով անկախության տարիներին կատարվող բարեփոխումներին, որոնք իշխանությունները կոչում են իրավունքի գերակայության ձգտում, ժողովրդավարության հաստատում եւ այլն' Ցոլակ Գրիգորյանն ասաց, որ նման հայտարարություններին տարակուսանքով է վերաբերում:
«Անկեղծ եմ ասում, երբ մեր իշխանություններն ասում են այս կամ այն ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է և էական բարեփոխություններ ենք սկսել, ես սկսում եմ տարակուսել, որ այդ ոլորտը էլ ավելի է վատթարանալու: Կեղծ բարեփոխումներ շատ են լինում: Երկու մակարդակով է այդ բարեփոխումները տեղի ունենում, օրինակ' իրավունքի ոլորտում: Օրենքը երկակի է գործում, առաջինը դա օլիգարխների և նրանց շրջապատի համար, և երկրորդը' մնացածի համար: Երբ Գյումրու Վարդանիկի տղան քաղաքի կենտրոնում մարդու վրա օրը ցերեկով կրակում է, նրան կարող են շատ հանգիստ ազատել կալանքից, իսկ ակտիվիստ, քաղաքացի և որպես մարդ Տիգրան Առաքելյանին կարող են ազատազրկել երկար տարիներ: Ընտրյալների և արժեհամակարգի բացակայությունն է սրանց պատճառները»,-նշում է Ց. Գրիգորյանը:
Իրավունքի երկակիության եւս մեկ օրինակ էլ փաստաբանը նշում է Կոմիտաս 5-ի միջադեպի հետ կապված Երեւանի փոխոստիկանապետի բացատրությունը, որտեղ նշել է, թե ակտիվիստները փորձում են մարդու ազատ տեղաշարժման սահամանադրական իրավունքը խախտել:
«Երբ ժամանակին Երևանում հանրահավաքներ էին լինում Երևանը բլոկադայի էր վերցվում ոստիկանության կողմից, խստագույնս խախտելով մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը: Մի կուրսեցի ունեմ, ով Վանաձորից մի շաբաթ չկարողացավ գալ Երևան դասերի, ահա թե ինչպիսի երկակիությամբ է գործում օրենքը և օրենքի գերիշխանությունը»,-ավելացրեց Ցոլակ Գրիգորյանը: