Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։
Շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Ազգային տոնի օրը, քանի որ մեր ընդհանուր նպատակն է համադրել ջանքերը՝ ի նպաստ համահայական խնդիրների լուծման, Հայաստանի պետականության առավել ամրապնդման։

Պատասխանելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայկական հիմնախնդիրներով զբաղվող շուրջ 50 գործիչների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման համար Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամին և սիրիահայության անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը։