2013 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի մոտ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստը դրամատիկ հանգուցալուծում ունեցավ: Դատարանը վճռեց մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանին դատապարտվել 14 տարի ժամկետով: Դատարանը Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին' 12: Սա այն դեպքում, որ դատարանը ամբաստանյալներից երկուսի հայտարարություններն այդպես էլ պատշաճ քննության չառավ:

 

Դատավարության հենց սկզբից ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը հայտարարեցին, որ աղմկահարույց կրակոցը Հայրիկյանի դեմ կատարել են' հետագայում Սեդրակյանին շանտաժի ենթարկելու և նրանից գումար շորթելու նպատակով: Ինքը' նախագահի էպոսագետ թեկնածուն, հայտարարեց, որ իր մասով ամբողջ քրեական գործը հիմնված է ամբաստանյալներից մեկի զոքանչի ցուցմունքների վրա: Ընդ որում, խնդրո առարկա զոքանչը Սեդրակյանին երբեք անձամբ չի ճանաչել, միակ կապը նրա հետ եղել է այն, որ փեսան նախագահի թեկնածուի տանը «կաֆել - մետլախ» է շարել: Զոքանչն իր փեսային փրկելու համար ներկայացրել է իր ենթադրությունները, որի արդյունքում կառուցվել է դարակազմիկ քրեական գործը:

 

Ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի հայտարարությունը' մահափորձը էպոսագետից գումար շորթելու համար կազմակերպելու մասին, դատարանը այդպես էլ պատշաճ քննության չենթարկեց: Դատավարության որևէ դրվագում այս հայտարարությունը գոնե փաստերով հերքելուն ուղղված որևէ քայլ չկատարվեց: Անհասկանալի մնաց նաև մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի կողմից սլավոնական արտաքինով «քիլլեր» մատնանշելու հանգամանքը: Էպոսագետի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ քննչական մարմինները երկար ժամանակ ամբողջ հանրապետությունում սլավոնական արտաքինով անձնավորություն էին փնտրում: Միայն սլավոնական արտաքինով' մահափորձի հնարավոր պատվերն իրականացնողի որոնումների ժամանակ երկու հատոր քրեական գործ է կազմվել:

 

Սրանք փոքր փաստարկներ չեն' դատավճռին վերապահումներով մոտենալու համար: Այսքան առանցքային հարցերի շուրջ որևէ պարզաբանում չներկայացրած դատարանն իրավունք ունե՞ր արդյոք այսպիսի պատիժներ սահմանել...

 

Հորիզոնում, կարծես թե, շոու է ուրվագծվում...

 

Վարուժան Բաբաջանյան