«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին «իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում։ Թերթը հիշեցնում է, որ փաստաբանների խորհուրդը դիմել էր Սերժ Սարգսյանին՝ Ռուբեն Սահակյանին վաստակավոր իրավաբանի կոչում շնորհելու համար։

 

Այս առիթով «Ժողովուրդ»–ը մի քանի հարցեր է ուղղել Ռ. Սահակյանին։ –Պարոն Սահակյան, ըստ Ձեզ՝ Դուք արժանի՞ էիք ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչմանը։ Ձեր ո՞ր արժանիքի համար է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նման կոչում շնորհել։ –Աշխատանքային փորձի համար, ու Փաստաբանների պալատի խորհուրդն էր դիմել հանրապետության նախագահին։ Ես 30 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ –Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանի կողմից Ձեզ նման կոչում շնորհելը կապված է ձեր վերջին գործի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն բանտից հաջողությամբ «ազատագրելու» հետ։

 

Իսկապե՞ս դա փոխհատուցում էր Ձեր կատարած աշխատանքի դիմաց»։ –Էդ ասողի մերը... հենց այդպես էլ գրեք։ Եթե այդպես լիներ, ես կհրաժարվեի այդ թանից։ Դա ինձ վրդովեցնում է, գիտեք, եթե մեկ ուրիշը լիներ կոչում ստացողը, ինչպես էին մեկնաբանելու։ Ինչեր ասես, որ չեն ստեղծում ու տարածում այս հանրապետությունում։ Ես շատ արժանիքներ եմ ունեցել, ու հավանաբար դա էլ ազդեց։ Շատերը չգիտեն, որ ես գնացել եմ Սումգայիթ։ Ես երբեք չեմ խոսել այդ մասին, ու նման շատ տեղեկություններ կան, որ ես երբեք դրանց մասին չեմ խոսել ու չեմ հրապարակել»։