«Տնտեսական շատ մեծ հնարավորություններ կունենանք և դա շատ դրական որոշում ու երևույթ է Հայաստանի համար: Ուղղակի ժամանակ է պետք, որպեսզի ավելի մանրամասնորեն կարողանանք ուսումնասիրել և հասկանալ ամենը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը' մեկնաբանելով Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի պատրաստակամությունը:

Անդրադառնալով այն աղմուկին ու բացասական տրամադրություններին, որ տիրում են Հայաստանում հասարակության շրջանում այս որոշման կապակցությամբ, Ա.Սմբատյանն ընդգծեց, որ թեև ժամանակ է պետք հասկանալու ամբողջ գործընթացը, այդուհանդերձ դա կասկածի տակ չի առնում այն հանգամանքը, որ Մաքսային միությանն անդամագրվելը միանշանակ օգուտ է մեր երկրի համար.

«Այն, որ դա դրական է և Հայաստանին օգուտ է' միանշանակ այդպես է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է եվրոպացի պաշտոնյաների արձագանքին ու մասնավորապես Ֆյուլեի Երևանում արված հայտարարություններին, Ա.Սմբատյանը միայն նշեց, որ այդ ամենը իրեն չի անհանգստացնում և ավելացրեց, որ Եվրոպայի հետ էլ Հայաստանը պետք է, անշուշտ, շփվի ու աշխատի.

«Ես որևէ խնդիր այս ամենում չեմ տեսնում. դա ավելի շատ էմոցիաներ են, քան իրականության հետ կապված երևույթ»,- շեշտեց Panorama.am-ի զրուցակիցը: