Pastinfo.am Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում դեռ չգիտեն, թե երբ ի վերջո կհայտարարվի հայկական ավիափոխադրող ընկերությունների մրցույթը: Համենայն դեպս, մեզ այսպես պատասխանեցին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, տարիներ շարունակ միակ ազգային փոխադրող համարվող «Արմավիայի» սնանկացումից հետո կառավարությունը երկար քննարկումներից արդյունքում որոշվեց, որ Հայաստանին, այնուամենայնիվ, ազգային փոխադրող պետք է, բայց ոչ թե մեկը, ինչպես նախկինում էր, այլ՝ երեքը:
Եվ ահա, հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:
Իսկ հուլիսի 22-ից արդեն հայ և ամերիկացի մասնագետները սկսեցին իրենց աշխատանքը, որի արդյունքում նախանշված է անցկացնել նաև 3 ավիաընկերությունների ընտրության համար սպասված մրցույթը:
Մրցույթի հայտարարման համար նախապես նշվել էր հուլիսի վերջը, ավելի ուշ՝ օգոստոսի: Սակայն, արդեն ավարտին է մոտենում սեպտեմբեր ամիսը, իսկ մրցույթի մասին դեռ որևէ տեղեկություն չկա: Բավական գաղտնի են պահվում նաև ոլորտի վերաբերյալ ընթացող խորհրդատվական քննարկումները քաղավիացիայի մասնագետների, ամերիկյան McKinsey & Company ընկերության փորձագետների և Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Չի հրապարակվում նաև դրանց ավարտի և մրցույթի հայտարարման գոնե մոտավոր ժամկետը:
«Փաստինֆո»-ի հարցին, թե երբ կավարտվեն խորհրդատվական խմբի աշխատանքները, թե՜ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում և թե’ Ազգային մրցունակության հիմնադրամում հստակ պատասխան չտվեցին, վստահեցնելով, թե դրանց ավարտի մասին հանրությունը կտեղեկանա օրենքով նախատեսված կարգով:
Մենք խոսեցինք նաև հայաստանյան «Էյր Արմենիա» ՓԲԸ ներկայացուցչի հետ, քանի որ այս ընկերությունը նախապես հայտարարել էր անցկացվելիք մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին: Այստեղ, սակայն, մեզ հայտնեցին, թե իրենց նույնպես չի հաջողվել մրցույթի մասին որեւէ տեղեկություն ճշտել:
«Մենք էլ ենք սպասում, երբ որ կհայտարարեն, պայմաններին կծանոթանանք ու կորոշենք մեր անելիքը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ,այժմ Հայաստանում օդանավ շահագործելու վկայական ունեն 11 ընկերություններ: Դրանցից, փաստորեն, միայն 3-ը մրցույթի արդյունքում ավիափոխադրումներ իրականացնելու իրավունք կստանան 3 հիմնական ուղղություններով' Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Միջին Արևելք: