Tert.am Պարահոգեբան, էզոթերիկ, աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որպեսզի, ինչպես ինքն ասաց, մեթաֆիզիկական իրականությունից ելնելով մատնանշի Հայաստանի զարգացման բանալին՝ ավելացնելով, որ Հայաստանի համար բարենպաստ վիճակներ են ստեղծվել, ինչից պետք է կարողանալ օգտվել։
«Պետք է հաշվի առանել, որ ժամանակին կարողանանք այս վիճակն օգտագործել, բարենպաստ վիճակներ են ստեղծվել Հայաստանի համար, կարիք չկա ինքնաահաբեկվել, թե մենք գնում են ինքնակործանման»,– ասաց նա։
«Եթե մենք կարողանանք դա արտահայտել, իսկ դա, անշուշտ, կարտահայտվի, քանի որ էվոլյուցիոն շրջանը կասեցնել անհնար է, կարող ենք մեծ ջանքերի շնորհիվ դանդաղեցնել, բայց ոչ կասեցնել»,- նշեց աստղաբանը։
Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը, թեև դանդաղ, սակայն զարգանում է։ «Եթե համեմատում ենք Թուրքիայի կամ այլ եվրոպական երկրների հետ, ապա կուզեի համեմատենք մենք մեզ հետ և այդ զարգացումն, իհարկե, ակնհայտ կգտնեք»,-վստահեցրեց էզոթերիկը։
Այնուհետև նա զարգացման հեռանկարները բացատրեց մետաֆիզիկական տեսանկյունից։ Մասնագետը նախ սկսեց Մաքսային միությո՞ւն, թե Ասոցացման համաձայնագիր հարցից և հայտարարեց, թե պետք չէ դրանց միջև տարբերություն դնել, քանի որ դա ավելորդ անգամ կդանդաղեցնի էվոլյուցիոն շրջանը։
«Մենք կարող ենք այնպիսի լուծում գտնել, որը կարող է Հայաստանի բրենդը դառնալ, այսինքն օքսիմորոնային քաղաքականությունը, այսինքն՝ համատեղել անհամատեղելին։ Իսկ դա մեզ մոտ կստացվի, եթե կարողանաք առաջարկել համապատասխան ձև, իսկ մենք դա ունենք, հայերին բնորոշ է եղել դա»,- ասաց նա։
Գուրգեն Հովհաննիսյանն առաջարկում է երկիրը զարգացնելու համար վերցնել Ճապոնիայի օրինակը։ «Այստեղ շատ օրինակելի է Ճապոնիան, որտեղ ընդգծված է տեխնոզարգացման և ավանդույթների սինքրոն կապը, նույնիսկ ավելին, քան Չինաստանի օրինակը, քանի որ նրանք կայսերական քաղաքականություն են վարում»,-ասաց նա և առաջարկեց պետական մակարդակով հայ-ճապոնական հարաբերությունները զարգացնել, փորձի փոխանակում սկսել։
Այնուհետև մասնագետը նշեց, թե Հայաստանը ճակատագրական կերպով կապված է Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնց հարաբերություններն անխզելի են։
«Մենք կարող ենք շփումներ ավելացնել, քաղաքական, մշակութային. հոգևոր կապվածություն ունեցող երկրները կարող են մեզ տալ, ինչի կարիք ունենք»,-ասաց նա։ Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը հոգևոր կապով կապված է եվրոպական այս երեք երկրների հետ՝ դեռ Կիլիկյան Հայաստանի ժամանակներից։