Այսօր Հյուսիսային համալսարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 22 ամյակին: Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լեզվի պետական տեսչության պետ, ՀՀ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը և այլոք:


Ազգանվեր է կրթական համակարգի գործունեությունը, քանի որ կրթված հասարակությունն է կերտում երկրի լուսավոր ապագան: Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում ևս արծարծվեցին այս գաղափարները՝ չմոռանալով այն երախտավորներին, ովքեր երկրի գիտակարթական, հասարակական քաղաքական կյանքում լուրջ դերակատարում են ունեցել և կայուն ասելիք:

 

Ելույթ ունեցան բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և այլոք:

 

Ռեկտորը իր ելույթում նշեց, որ շնորհիվ ճիշտ վարվող կրթական քաղաքականության՝ համալսարանի վարկանիշը օրեցոր աճում է և այսօր Հյուսիսայինը ՀՀ առաջատար ուսումնական հաստատություններից է: Բորիս Մակիչյանը ընդգծեց նաև, որ աշխատանքներ են տարվում՝ Հայաստանը տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դարձնելու ուղղությամբ: Նա ՀՀ ԱԺ Փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հանձնեց Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսորի վկայական՝ ընդգծելով նրա անուրանալի վաստակը համալսարանի կայացման գործում: Իր ելույթում Շարմազանովը նշեց, որ դարեր շարունակ պետականություն չունեցած հայ ժողովրդի գոյապահպանության երկու կարևոր երաշխիքները եղել են Հայ առաքելական եկեղեցին և դպրոցը: Նա նշեց, որ անգամ միջնադարում հայ ժողովրդի ստեղծած համալսարաններն ու դպրանոցները առաջատար են եղել նույնիսկ եվրոպական կրթարանների համեմատությամբ: «Մեզ համար մեծագույն պատիվ է՝ լինելու ազատ, անկախ Հայաստանի քաղաքացի: Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայրենիքը բոլորիս համար սրբություն է և այն պետք է փայփայել աչքի լույսի պես»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

 

Հյուսիսային համալսարանում արդեն իսկ հաստատված իրողություն է լավագույն ուսանողներին ուսման վարձավճարներից մասնակի կամ լրիվ ազատումը և անվանական կրթաթոշակների սահմանումը: Խրախուսման այս եղանակը առողջ մրցակցային դաշտ է ստեղծում' բարձրացնելով ուսման արդյունավետությունը: Այսօրվա միջոցառմանը ևս ԲՈՒՀ-ի ռեկտորը նմանատիպ անակնկալներ մատուցեց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:
Հյուսիսային համալսարանում կազմակերպված միջոցառումը յուրօրինակ դաս էր' ուղղված անկախության տարեկից ուսանողներին կառուցելու այնպիսի երկիր, որի առաջընթացի կենարար զարկերակը եղել և մնում է կրթությունը: