Galatv.am Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը խոչընդոտելու գործընթացը այսպես կոչված եվրոպամետ էլիտան տեսնում է քաղաքացիական դիմադրություն կազմակերպելու ու իշխանությունների վրա հանրային ճնշում բանեցնելու մեջ: Խոսվում է այն միասին, որ պետք է քաղաքացիական ակտիվիստների եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների համախմբման միջոցով ձեւավորել գաղափարական քաղաքական ընդդիմություն՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցության: Իսկ մինչ այդ համապատասխան շրջանակները Արեւմուտքին հասկացնում են, որ Մաքսային միության դեմ արդյունավետ պայքարելու համար «արհեստական խրախուսումներ» են պետք, քանի որ միայն այդ դեպքում կարելի է մարդկանց փողոց հանել:

Սակայն «արհեստական խրախուսումներով» գաղափարական ընդդիմություն կերտելուց առաջ պետք է շոշափել հանրային տրամադրությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք Մաքսային միության անդամակցության դեմ գաղափարները հանրության շրջանում լայն տարածում կունենա՞ն: Այդպիսի փորձեր սակայն կարծես թե չեն արվում՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար: Դժվար չէ կռահել, թե մեր հասարակության մոտավորապես քանի տոկոսը իր համակրանքը կարտահայտի Ռուսաստանի նկատմամբ: Անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ հաճախականության մեջ է մտածում հայ հասարակությունը, արտաքին քաղաքական ինչ կողմնորոշում ունի, եւ ամենակարեւորը' ինչու՞ ունի նման կողմնորոշում:

Սակայն եվրոպական արժեքների համար պայքարող էլիտան եւ լրատվամիջոցները մեծ հաշվով իրենց նեղություն չեն տալիս այդ խնդրի վրա ուշադրությունը դարձնելու: Ավելի հեշտ է Արեւմուտքին համոզել, որ ֆինանսական օժանդակություն տրամադրի Հայաստանում վերացական քաղաքացիական հասարակություն կառուցելու ու դրան աջակցելու համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդպես էլ չի հաջողվել Հայաստանում քաղաքացիական հասարակություն կերտել: Մինչ այս հաջողվել է ունենալ ընդամենը մի քանի հարյուր հոգանոց «քաղաքացիական հասարակության բանակ», որի ներկայացուցիչներից շատերը ընդգրկված են Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող այս կամ այն ծրագրերի կամ հասարակական կազմակերպությունների մեջ: Ահա այս շրջանակն է, որը փորձում է Հայաստանում լոբբինգ անել եվրոպական արժեքները եւ դրա դիմաց Եվրոպայից «արհեստական խրախուսումներ» է պահանջում եւ ստանում:

Սակայն Սերժ Սարգսյանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման տապալումը ցույց տվեց, որ եվրոպացիները խիստ անարդյունավետ ներդրումներ են արել եւ իրենց ջանքերը սխալ ուղղությամբ են ծախսել: Փոխարենը նրանց հիմնական մրցակից Ռուսաստանը առանց որեւէ դրամաշնորհի, զուտ կոմերցիոն սկզբունքներով առաջնորդվելով' ստեղծել է մի իրավիճակ, որտեղից Սերժ Սարգսյանը պարզապես փախնելու տեղ չունի, Հայաստանը' նույնպես: Ընդ որում, գործող իշխանությունները իրենց վարած ապաշնորհ սոցալ-տնտեսական քաղաքականությամբ հետեւողականորեն «օգնել» են ռուսներին խորացնել Հայաստանի տնտեսական կախվածությունը: Ինչքան վատթարանում է Հայաստանի սոցալ-տնտեսական իրավիճակը, այնքան մեծանում է դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, իսկ այնտեղից զուտ մասնավոր տրանսֆերտներով միայն 2012թ. Հայաստան է մտել շուրջ 1,5 միլարդ դոլար: Բացի այդ, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով աշխատող խոշոր ընկերություններ, որոնք Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջատար դիրքերում են եւ եկամտի աղբյուր են հանդիսանում հազարավոր մարդականց համար: Դեռ չենք խոսում էներգետիկ եւ ռազմական կախվածության մասին: Փաստացի հայաստանցիների ստվար մասը ապրում է Ռուսաստանի հաշվին, ուստի ՀՀ քաղաքացիների մեծ մասին ավելի շատ հետաքրքրում են ասենք Պուտինի նախաձեռնած թոշակային կամ միգրացիոն ռեֆորմները, քան Սերժ Սարգսյանի քաղաքական տվայտանքները:

Իսկ ի՞նչ է անում Արեւմուտքը. դրամաշնորհներ է շռայլում Հայաստանի պետական եւ ՀԿ սեկտորին, որոնք հիմնականում ծախսվել են սեմինարներ-քննարկումնների, խորհրդատվության, կոնֆերանսների, բուկլետներ տպելու եւ նմանատիպ այլ բաների վրա՝ նոմինալ ազդեցություն ունենալով հանրային տրամադրությունների եւ երկրի իրավիճակի վրա:

Շարունակությունն` այստեղ: