Pastinfo.am «Զվարթնոց» օդանավակայանը շահագործող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը այլևս բացահայտ հայտարարում է օդանավակայանի հին շենքը քանդելու իր մտադրության մասին:

 

Այս մասին ընկերության ներկայացուցիչներն ու Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը հայտարարել են Հանրային Խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի այս հարցով հրավիրված նիստում:

 

Նշենք, որ խորհրդի անդամները իրենց անհամաձայնությունն են հայտնել Երևանի և անգամ Հայաստանի խորհրդանիշներից մեկը դարձած կառույցը քանդելու մտադրությանը:

 

Քննարկմանը ներկա Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ մտավախություն է հայտնել, թե օդանավակայանի շենքը կարող է արժանանալ Փակ շուկայի ճակատագրին, առաջարկելով այն այլ նպատակով օգտագործել:

 

Քննարկման մասնակիցները շինության փրկության բազմաթիվ ծրագրեր են առաջարկել, այն իբրև ազատ առևտրի գոտուց մինչև ներքին թռիչքների համար առանձին օդանավակայան դարձնելը: Սակայն, թե’ շահագործողը և թե’ քաղաքավիացիայի ներկայացուցիչները որևէ առաջարկի չեն համաձայնել, պնդելով, որ շենքը պետք է քանդվի, քանի որ գտնվում է «անմխիթար վիճակում», իսկ դրա պահպանությունը ավելորդ ծախս է կոնցեսիոների համար:

 

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը նույնպես դեմ է արտահայտվել շենքը քանդելու գաղափարին:

 

Թե ի վերջո ինչ ճակատագրի կարժանանա քանդման վտանգի առաջ հայտնված երևանյան խորհրդանիշ 30-ամյա այս կառույցը, քննարկման ավարտին այդպես էլ պարզ չդարձավ:

 

Փոխարենը քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը խոստացավ, որ որոշում կայացնելիս հաշվի կառնեն մասնագետների կարծիքները, և, որ ընդունվող որոշումը հանրության կողմից ընդունելի կլինի: