Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորները ընտրեցին ՀՀ նոր Գլխավոր դատախազին: Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Գևորգ Կոստանյանը ստացել է 103 կողմ և 3 դեմ ձայն:

 

Տարօրինակ է, որ նախքան քվեարկությունը ընդդիմադիր խմբակցություններից երկուսը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու Գլխավոր դատախազի թեկնածությունը, սակայն ընդամենը 3 պատգամավոր է դեմ քվեարկել Կոստանյանի թեկնածությանը:

 

«Ժառանգություն» խմբակցության անունից Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը: Այդպիսի հայտարարություն է արել նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի ներկայացրած որեւէ թեկնածուի, եւ մենք դեմ ենք քվեարկելու», - ընդգծել է Մանուկյանը:

 

Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՅԴ պատգամավորներն ազատ են լինելու իրենց որոշման մեջ, իսկ ԲՀԿ-ն շանս է տվել նոր Գլխավոր դատախազին:

 

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առնվազն երկու խմբակցություն պետք է դեմ քվեարկեր Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Լյուդմիլա Սարգսյանը, որը հաշվիչ հանձնաժողովի անդամ է եղել, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը և Արամ Մանուկյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանում չեն, հետևաբար չեն մասնակցել քվեարկությանը: Ազգային ժողովի մեր թղթակիցը քվեարկության վայրում ֆիքսել է «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանին, հավանաբար քվեարկել է նաև Թևան Պողոսյանը:

 

Ստացվում է, որ քվեարկությանը մասնակցել է առնվան ութ ընդդիմադիր պատգամավոր: Եթե համարենք, որ ազատ ընտրության իրավունք ունեցած դաշնակցականները միաձայն կողմ են քվեարկել Կոստանյանի թեկնածությանը, ԲՀԿ-ն նրան շանս տված լինի ամբողջ կազմով՝ ստացվում է, որ քվեարկած ընդդիմադիրներից առնվազն 5-ը կողմ է քվեարկել նոր Գլխավոր դատախազի թեկնածությանը: Այսինքն՝ քվեարկությանը մասնակցած ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին: Սա բացահայտ սկանդալային իրողություն է, որ արմատական ընդդիմությունը հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածուին դեմ քվեարկելու մտադրության մասին, սակայն առնվազն կեսից ավելին հավատարմություն են հայտնում նոր Գլխավոր դատախազին՝ ռեժիմի դեմ պայքարը մանրադրամ դարձնելով քաղաքական առևտրի մեջ:

 

Ավելի քան վստահ եմ, որ դեմ քվեարկողներից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Հավանաբար շուտով կսկսվի գզվռտոց՝ մյուս երկուսի դափնիների համար: Իսկ նմանատիպ քաղաքական հանելուկը ուղղակի տխուր մտորումների տեղիք է տալիս:

 

Վարուժան Բաբաջանյան