ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում է, որտեղ պետք է հանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Վաղը նախագահը Ստրասբուրգում ելութ է ունենալու ԵԽԽՎ նստաշրջանում  և Հայաստանի նախագահությունը ԵԽԽՎ-ում կփոխանցի Ավստրիային: 

 

Նախագահը Փարիզում է, վարչապետը`Ստրասբուրգում: Տիգրան Սարգսյանը մասնակցելու է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին:

 

Վերլուծաբան Նաիրա Հայրումյանը այս առթիվ գրում է, որ դժվար է ենթադրել, թե ինչ կառաջարկի Սերժ Սարգսյանը Եվրոպային: Հիշեցնելով, որ երեկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը Սարգսյանին կոչ է արել կոնկրետացնել, թե ինչպես է Հայաստանը ցանկանում ասոցացվել Եվրոպային, ինչ ձեւաչափով, վերլուծաբանը առաջ է քաշում այն տեսակետը, ըստ որի Երեւանը խելքին մոտ որեւէ առաջարկ չունի, եւ ընդամենը ցանկանում է չխզել հարաբերությունները: Նաիրա Հայրումյանը չի բացառում նաև, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները փող կխնդրեն Եվրոպայից ու Ռուսաստանից, և պատճառաբանում է, որ ներկայում նրանց երկուսի համար էլ գլխավորը փողն է: Մեջբերում եմ. «յուրային օլիգարխներին ու «մրցակիցներին» առայժմ չի հաջողվում «թափ տալ», քանի որ անմիջապես առաջանում է «հեղաշրջման» ուրվականը: Մնում են արտաքին աղբյուրները»,-մեջբերման ավարտը:

 

Հոդվածում վերլուծաբանը փորձել է կանխագուշակել, թե այս համդիպումների ընթացքում ինչի մասին կարող են խոսել Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը: Արդյոք քննարկվելու են Հյուսիս-հարավ մայրուղու, երկաթգծի, գազի գնի, ատոմակայանի հարցերը: «Որքա՞ն կտա Մոսկվան: Սեպտեմբերի 3-ի չարագուշակ հայտարարությունից հետո այս հարցին որեւէ կոնկրետ պատասխան չկա: Մոսկվան միայն վերցրել է հայկական ատոմակայանի «ավելորդ» վառելիքը»,-գրում է Հայրումյանը և ավելացնում. «Ինչ վերաբերում է Եվրոպային, Սերժ Սարգսյանը թերեւս փորձելու է համոզել, որ նշանակվի դոնորների կոնֆերանսի կոնկրետ ամսաթիվը: Եվրոպան չի հայտարարել Հայաստանում իր նախագծերը կանգնեցնելու մասին, սակայն փող նույնպես չի տալիս»:

 

Ավարտելով հոդվածը` հեղինակը գրում է, որ օգնություն խնդրելը Հայաստանի համար այցեքարտ է դարձել:

Գրոշներ նետում են, սակայն դա էլ Հայաստանի համար հաց է: