«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությամբ հանդես եկավ՝ հրավիրելով ներկաների ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ օրերս կառավարությունը վաճառել է եվրոբոնդեր՝ 700 մլն դոլար ծավալով:
«Ինչքան էլ որ փորձեք օրենքը մեկնաբանել ձեր ձևով, անհնար է 700 մլն պարտք վերցնել առանց ԱԺ-ում հարցը քննարկելու և ԱԺ-ին տեղյակ պահելու, ես կարծում եմ, որ սա լուրջ ապտակ է մեր պետականությանը»,-ասաց նա:
Վերջինիս ընդգծմամբ՝ երբ խորանում ես բուն պարտքի մեջ, տեսնում ես, որ այսպես կոչված 6,25%-ը գոյություն չունի, և իրական տոկոսադրույքը 9% է: «Ես սա անընդունելի եմ համարում և մեղադրում եմ ամբողջ կառավարությանը ՀՀ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԺ-ի մեծամասնությանը: Ո՞նց կարող է հանրապետության պարտքը 700 մլն դոլարով ավելանալ, պետական պարտքը 44-ից դառնալ 53 տոկոս, հանրապետության ընդհանուր պարտքը հասնի 8,5 մլրդ դոլարի՝ ՀՆԱ-ի 90%-ը, առանց ԱԺ-ի: Որտե՞ղ ենք մենք հայտնվել»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Խոսքն ուղղելով ԱԺ մեծամասնությանը՝ նա ավելացրեց. «Գիտեք ինչ կա, հարգելի մեծամասնություն, այնուամենայնիվ, մենք ընդդիմություն ենք, բայց մենք կարող ենք ընդդիմություն լինել, եթե խաղի կանոնները մեկ են մեզ և ձեզ համար, դուք ձեզ համար սարքելով խաղի կանոններ, վերացնում եք պառլամենտը, դուք խաղում եք պետականության հետ, ես դա անընդունելի եմ համարում, ես գիտեմ այդ կեղծավոր բացատրությունները, որոնք վաղը կառավարությունը կբերի, դրանք ինձ համար անընդունելի են, դուք լրջորեն հարված եք հասցնում Սահմանադրությանը»:
Վերջում պատգամավոը կրկին շեշտեց. «Ո՞նց կարող է հանրապետության պարտքը մեծանալ 700 մլն դոլարով, մենք տեղյակ չլինենք»: