«Առավոտի» տրամադրության ներքո է հայտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա գրել էր 1998թ-ին: «Հույժ գաղտնի» գրությամբ այս նամակից հատվածներ ժամանակին հրապարակվել են մամուլում: Այժմ հրապարակում ենք ամբողջական տեքստը:

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար պարոն Ռ. Քոչարյանին Դիմում Հարգելի պարոն նախագահ, Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրածս պաշտոնից, քանի որ արդեն վերացել են մեր՝ փոխըմբռնման հասնելու վերջին հնարավորությունները: Ցավոք ու իրոք՝ վաղուց է, ինչ իրար չենք հասկանում: Այնինչ Արցախի ներքին կյանքում, տնտեսության մեջ վիճակն օրեցօր վատանում է. իմ համոզմունքներին մնալը եւ միաժամանակ իմ պաշտոնում մնալը կարող են էլ ավելի սրել դժվարությունները:

Հավատացնում եմ, այո՛, մեր այնքան ծանր գնով ձեռք բերած ռազմական հաջողությունները հեշտ ու հանգիստ, դանդաղ, բայց հաստատ արժեզրկվում են սոցիալ-տնտեսական ասպարեզում: Բազմիցս եմ շեշտել, որ միայն բանակի ուժով արցախյան հիմնախնդիրը չի կարող լուծվել: Բայց անիմաստ է դա նույնիսկ երազելը այդ նույն՝ իրադրությունն ամեն կերպ վատթարացնող, սակայն ինքնին ոչ մի կերպ չբարելավվող տնտեսական ստրատեգիայով եւ նույն, այսպես կոչված, թիմով: Պարոն նախագահ, խնդրում եմ գոնե հիմա ինձ ճիշտ հասկանալ. երկար եմ մտածել ինձ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պարտադրվող քայլն անելուց առաջ:

Խնդրում եմ նաեւ ինձ հերթապահ մեղադրանքներ չներկայացնել «մեր ընդհանուր գործին», իբր, դավաճանելու համար: Նշված խնդիրների մասին շատ-շատ ենք խոսել դեռեւս ՀՀ նախորդ նախագահի ղեկավարության օրոք: Այն ժամանակ արդեն երեւացող սխալ մոտեցումներն ու ընդհանուր քաղաքականությունը վերագրում էիք Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա անձն ու անունն էին դարձվում «քավության նոխազ»: Գտնում եմ, որ մարդկայնորեն ու տղամարդկայնորեն այդ մոտեցումն էլ է սխալ: Այժմ համբերությունս ավելորդ անգամ շահագործելու տեղ չի մնացել այլեւս… Մոտ անցյալում, իսկապես, ուս-ուսի տված պայքարել ենք հանուն ընդհանուր գործի հաղթանակի: Հիմա, սակայն, չեմ ուզում ու չեմ կարող տեսնել հակառակ արդյունքները. գերադասում եմ անձնական պարտություն կրել, ու գտնվել մեր ժողովրդին պարտության տանողների «ավանգարդում»:

Ինքս միշտ հեռու եմ մնացել ամեն կարգի պատվախնդիր նկրտումներից («ամբիցիաներից»), մանավանդ՝ իշխանամոլությունից, ինքս եմ ոմանց կոչ արել զսպել դրանք եւ չեմ կարծում, որ այսօր հոլովվող կարեւորագույն հարցերն էլ կարելի է լուծել՝ այս կամ այն մարդու «ամբիցիաներով» ղեկավարվելով: Չեմ ցանկանում եւ չեմ էլ փորձելու ընդդիմության մեջ լինել. իմ սկզբունքներին դեմ է «գոտկատեղից ցած հարվածելը»: Սակայն չեմ կարող ու չեմ էլ կամենում հրաժարվել իմ մյուս՝ քաղաքական, կադրային, սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող սկզբունքներից: Շատ անգամ առանձին զրույցների ժամանակ, ներառյալ ԼՂՀ երկրորդ նախագահի պաշտոնավարության օրոք բացատրվել է, որ հասարակության բեւեռացում ու իրավիճակի վտանգավոր ապակայունացում թույլ չտալու համար ինքս եմ կամավոր ստանձնել «քավության նոխազի», բնակչության սոցիալական դժգոհությունների կենդանի շանթարգելի անշնորհակալ դերը: Բայց այլեւս սպառվել են բոլոր կողմերից՝ թե «աջից», թե՛ «ձախից» ու թե «վերեւից», թե «ներքեւից» տեղացող հարվածները դիմագրավելու ընդունակություններս, ասենք՝ նաեւ ցանկությունս: Ավելի քան 6 տարի ինձ հետ աշխատելով՝ երեւի պիտի ճիշտ հասկանայիք ինձ. միգուցե, սակայն, իմ սխալն է, որ ինձ այդպես էլ լավ չճանաչեցիք: Բոլոր դեպքերում հանկարծ այն նոր սխալ կարծիքը չկազմեք, թե ինձ սպառնում կամ վախեցնում է նյութապես տուժելու հեռանկարը: Բոլորովին: Այն ազատ նյութական ու ֆինանսական միջոցներն էլ, որ տնօրինել եմ ի պաշտոնե, միշտ ուղղել եմ ԼՂՀ պաշտպանության բանակի, վերջնահաշվարկով՝ ողջ պետության տնտեսական ու ոչ միայն տնտեսական հզորացմանը: Մյուս կողմից՝ կեղծ համեստություն չխաղամ (առհասարակ չեմ սիրում ոչ կեղծիքն ու կեղծավորությունը, ոչ էլ խաղալը՝ «թիմային» լինի դա, թե «անհատական» կարգով), հիշում եք, չէ՞, հայկական իմաստուն առածը. «Ուղտը ինչքան էլ սատկի, կաշին մի իշաբեռ է»…

Իսկ միգուցե գտնում եք, թե իմ «արդարացումն» ու ինքնամխիթարությունը պիտի դառնա այն աշխարհահռչակ թեւավոր խոսքը, որ ասել է գերի ընկած ֆրանսիական արքան կարեւոր ճակատամարտը տանուլ տալու կապակցությամբ. «ամեն ինչ կորած է, բացի պատվից»: Շտապեմ շեշտել, որ ինձ համար, ընդհակառակն, ոչինչ էլ կորած չէ, առավել եւս՝ պատիվս: Ավելին՝ այսուհետեւ անհամեմատ մեծ ազատություններ ու հնարավորություն ձեռք կբերեմ կարողություններս առավել լրիվ ծառայեցնելու հայրենաշեն նախորդ գործերիս շարունակմանը: Իրական մտավախությունս, կրկնում եմ, միայն այն է, որ մենք ամենքս՝ ազգովի՛ն ամեն ինչ չկորցնենք, ներառյալ՝ համայն հայության հազիվ վերականգնվող պատիվը…

Պարոն նախագահ, Վստահեցնում եմ՝ ինձնից կախված ամեն ինչ արել եմ Ձեր հեղինակությունը, որպես ԼՂՀ, այնուհետեւ՝ ՀՀ նախագահի, թե Արցախում, թե ՀՀ-ում, թե արտասահմանում առավելագույնս բարձրացնելու համար: Հիմա, սակայն, չնայած ամեն ինչին, կամուրջներն այլեւս այրված են: Եվ ո՛չ իմ մեղքով: Իմիջիայլոց՝ իմաստ էլ չունի բանագնացներ ուղարկել եւ բանակցություններ վարել՝ «հրաժարականիցս հրաժարվել» տալու նպատակ հետապնդելով… Որեւէ թիմակից, ընկեր, ղեկավար ընտրելուց առաջ նախընտրել եւ նախընտրում եմ տղամարդկանց հետ գործ ունենալ-աշխատել եւ, ինչպես ղարաբաղցին է ասում, տղըմըրթըվաչի… Արցախից չեմ հեռանալու: Ցանկացած պահին, երբ զգաք, որ Ձեր աշխատանքի ու Արցախին իրոք օգուտ բերելիք ծրագրերի իրագործման համար կարող եմ դեռեւս անհրաժեշտ լինել, բոլոր այն հարցերով զբաղվելու նպատակով, որոնք դեռ վստահ եք, որ ի զորու եմ վճռել, պատրաստ եմ գտնվել Ձեր տրամադրության տակ: Իսկ այժմ կրկին խնդրում եմ արագ ընդունել հրաժարականս, թե չէ րոպե առ րոպե հատվում է եւ նյարդերիս «ամրության պաշարը», իսկ համբերության վերջին բաժակն էլ լցված է:

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ս. Բաբայան 1998թ.