Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգպանը, պատասխանելով պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, հայտարարել Է, որ «ՀայՌուսգազարդ»-ի հետ Հայաստանը դեռևս գազի թանկացման պայմանագիր չի կնքել։ «Ցանկացած պայմանագիր, որ մենք ստորագրենք, հասանելի կլինի ձեզ համար։ Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ։ Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, և այդ պահին, որ պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն Աժ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները»,-հայտարարել է վարչապետը։

 

Ստացվում է այնպես, որ գազը այս պահի դրությամբ թանկացրել է ոչ թե ռուսական կողմը, այլ «ՀայՌուսգազարդ»-ը' սեփական նախաձեռնությամբ: Այս պարագայում բացահայտվում է մեր պետության և ժողովրդի դեմ գործող հանցավոր խմբավորում, որը ապօրինաբար օդից փող է «կպցնում»: Ուշադրություն դարձրեք մի քանի չափազանց պարզ փաստերի:

 

Ցանկացած ծառայություն մատուցելու համար' սկսած ծխնելույզ մաքրողից վերջացրած գազի մատակարարում, կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, որտեղ հստակ նշվում է ծառայության մատուցման ժամկետներն ու արժեքը: Հայաստանում տեղի է ունեցել խոշոր բլեֆ' կազմակերպված պետական մակարդակով: Եթե գազի թանկացման պայմանագիր չի կնքվել, նշանակում է, որ մենք Ռուսաստանին վճարում ենք դեռևս հին սակագներով: Պետությունների միջպետական առևտրի մեջ երբևէ չի եղել նախադեպ, որ երկու երկրներ միմյանց հետ որևէ գործարք կնքեն բանավոր, միմյանց նկատմամբ պարտավորությունների կատարումը ամրագրելով «քֆուր ուտելով»' եթե էսինչ ժամկետում փողը չտամ, «էսինչ» կամ «էնինչ ըլնեմ»: Անգամ Պարսկաստանը իր սատրապությունները չէր ղեկավարում բանավոր հրահանգներով' սատրապներին կամ իշխաններին իր մոտ էր կանչում և թեկուզ ֆիկտիվ փաստաթղթեր ստորագրում:

 

Սա հերթական խոշոր սկանդալն է, որ պայթում է այս հարցի առնչությամբ: Հետագա բոլոր հիմնավորումները, որ կսկսեն հորինել' վարչապետի բերանից թռած խայտառակությունը կոծկելու համար է լինելու:

 

Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչպես ստացվեց, որ գազի թանկացման պայմանագիր դեռևս կնքված չէ, սակայն ժողովուրդը արդեն վճարում է թանկ սակագներով:

 

Իսկ թե ում գրպանն են գնում լրացուցիչ գերշահույթները' դժվար չէ կռահել:

 

Վարուժան Բաբաջանյան