«Արբանյակային գործիքակազմը թույլ է տալիս իրական պատկերը տեսնել, թե ինչ վիճակում են Հայաստանի հողատարածքները, անտառները, արոտավայրերը: Մասնավորապես, դրա միջոցով հնարավոր է հասկանալ, թե, օրինակ, որ արոտավայրերն են «գերարածված» վիճակում և ըստ այդմ որոշակիորեն ծրագրեր մշակել դրանց հանգիստ տալու համար»,- այս մասին հայտարարվեց Ջերմուկում ընթացող Գյուղական համայնքների 3-րդ համաժողովի' համայնքների բնապահպանական իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ: Զեկուցողը' ԳՄՀԸ (GIZ) փորձագետ Այսեր Ղազարյանը տեղեկացրեց, որ արբանյակային' «կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շնորհիվ իրենք Հայաստանում հայտնաբերել են ոչ մի տեղ չարձանագրված անտառներ, արոտավայրեր և այլն:
Հետաքրքիրն այն է, որ շատ տարածքներ, որոնք արբանյակի կողմից ֆիքսվել են որպես ծիրանի բաղեր, կադաստրային քարտեզներով ներկայացվում են իբրև արոտավայրեր, և հակառակը: Ավելին' հայտնաբերվել է 23 հազար հա անտառ, որը որևէ տեղ գրանցված չի եղել, այսինքն ըստ փաստաթղթերի այդ 23 հազար հա անտառը ուղղակի գոյություն չունի: Բանախոսը այս իրավիճակը պարզաբանեց նրանով, որ ժամանակի ընթացքում, երբ հողատարածքի նշանակությունը փոխվել է, դա չի գրանցվել: Բայց կան նաև դեպքեր, երբ տեղեկատվությունը սուբյեկտիվ պատճառներով ուղղակի թաքցվում է' մարդիկ խուսափում են, քանի որ վախենում են Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվող տույժերից, ժառանգություն են ստացել և տեղյակ չեն տարածքների անցյալի մասին և այլն:
Ծախսատարության մասով էլ արբանյակային այս գործիքակազմը բավականին ձեռնտու է, քանի որ ավելի մոբիլ է ու երբեմն արդյունավետ, քան բազմապիսի վարչություններ ու տեսչություններ, որ զբաղվում են այդ գործառույթներով: Իսկ բացի այդ, գոյություն ունի այլ խնդիր' կան իրավական ակտեր, որոնք չեն օգտագործվում:
Գործիքը նաև թույլ է տալու վեր հանել կարկտահարության հետևանքով վնաս կրած համայնքները: