«Հուսիկ Արան ճիշտ չի ներկայացնում իրականությունը: Նա չի դիմել բանկ որպես շահառու վարկ ստանալու համար»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ մեկնաբանելով այսօր արձակագիր, բանաստեղծ Հուսիկ Արայի արած հայտարարությունները:

Հիշեցնենք, որ բանաստեղծը հայտարարել է, թե ԵՊՀ շրջանավարտների միավորումն իր համար անակնկալ կերպով տեղեկացրել է, որ նա այլևս բնակարան չունի մատչելի բնակարաններ գրողներին, նկարիչներին, ստեղծագործողներին ծրագրի շրջանակներում:

Ա. Քարամյանն ասաց, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում հարցում է կատարել ՝ տեղեկանալու, թե իսկապես Հուսիկ Արան, կամ նույն ինքը՝ Ֆելիքս Եղիազարյանը դիմել է վարկ ստանալու համար, սակայն բանկից բացասական պատասխան է ստացել: «Բանկից մեզ պատասխանել են, որ նման անունով շահառու իրենց չի դիմել, հետևաբար չէր կարող վարկավորվել»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց փոխնախարարը՝ պատրաստակամություն հայտնելով որպես փաստ ցույց տալ բանկից ստացված պատասխանը:

Ա. Քարամյանի խոսքով, շենքի շինարարությունն իրականացվում է, շենքը բարձրանում է բարեխիղճ վճարումներ կատարողների հաշվին. «Անհասկանալի է, թե ինչու է նա պահանջատեր, եթե ողջ ընթացքում անբարեխիղճ է գտնվել վճարումներ կատարելու հարցում»:

Անդրադառնալով Հուսիկ Արայի հայտարարությանը, որ ինքը 1 միլիոն 615 հազար դրամ կանխավճար է տվել բնակարան ձեռք բերելու համար, մինչդեռ բանկում դնելով որպես ավանդ, զգալիորեն կավելանար գումարը, Ա. Քարամյանն ասաց, որ պատրաստ է այդ գումարին ավելացնել 300 հազար դրամ՝ որպես նվեր: «Մենք՝ ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ստեղծագործող մարդկանց բազմիցս ենք նվերներ անում, և այդ գումարը մենք կարող ենք տրամադրել իրեն որպես նվեր»,- շարունակեց փոխնախարարը:

Ա. Քարամյանը նաև ասաց, որ Հուսիկ Արան վիրավորել է Շրջանավարտների միավորման աշխատակցուհուն ու նկատեց. «Ձեր միջոցով ցականում եմ նրան փոխանցել, որ կոռեկտ ու պարկեշտ լինել մեր միության աշխատակցուհիների նկատմամբ, այլապես կասկածում են նրա մտավորական լինելու մեջ, հորդորում եմ զերծ մնալ փաստերը խեղաթյուրելուց և մեկ բաժակ ջրում փոթորիկ փնտրելուց»:

Նրա ներկայացրած տվյալներով, մատչելի պայմաններով բնակարան ստանալու համար դիմած շահառուներից 67-ը թերի վճարողներ են, որոնց թվում է նաև Հուսիկ Արան: