Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ուսուչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան: Հաշվի առնելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները՝ ուսուցչի աշխատանքն ավելի ու ավելի է կարևորվում: Ես Չինաստանի Դալիան քաղաքում մասնակցում էի ամառային Դավոսի աշխատանքներին, որին ներկա էին նաև տարբեր երկրների վարչապատեր. օրակարգային հարցը հետևյալն էր. որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները և ինչ պետք է անեն պետությունների կառավարությունները, որպեսզի հաղթահարեն համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ապահովեն բարգավաճ զարգացում: Եզրահանգումը հետևյալն էր. մարտահրավերներին դիմագրավելու համար առաջին հերթին պետք է բարելավել կրթական համակարգը և ուշադրություն դարձնել միջնակարգ կրթությանը: Կարող ենք ասել, որ հենց այդ ասպարեզում է այսօր լուծվում հիմնարար խնդիրները, որոնք միտված են դեպի ապագան: Դուք պետք է պատրաստեք մի սերունդ, որն ապրելու է արագ փոփոխվող աշխարհում, ուստի մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող մարտահրավերներին»: Վարչապետ Սարգսյանը վստահեցրել է, որ մանկավարժների խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և ստանալու են առաջնահերթ լուծումներ: Տիգրան Սարգսյանն ուսուցչի տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Տարվա լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները վերջիններիս հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: