Հայ ինժեներների կողմից նախագծված նոր սարքի շնորհիվ՝ այսուհետ կարելի է անմիջապես տեղեկանալ մարդու առողջության հիմնական նշաններին, օրինակ՝ սրտի աշխատանքին ու շնչառության արագությանը, թթվածնի քանակին, ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին, և այլն: Այն միանում է սմարթֆոնին և ցուցադրում է ձեր տվյալները: Բացի այդ՝ ստացված տվյալները ցանկացած պահի կարելի է ուղարկել «ամպային պահեստ» (cloud), որտեղ բժիշկը կամ մարզիչը կարող է 30 վայրկյան անց տեղեկանալ ու հետևել ձեր առողջության այդ ցուցանիշներին:

 

Նոր նախագծված սարքը շատ նման է ականջակալի, դրա նախատիպ-տարբերակն առաջին անգամ ներկայացվեց հոկտեմբերի 4-6-ն ընթացող «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ: Նորույթը ներկայացնում էր Sensogram Technologies միջազգային ընկերությունը, որում ներառված են տարբեր երկրներ՝ Շվեյցարիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը և Հայաստանը:

 

Ընկերության ծրագրային ապահովման տնօրեն Ալեքսանդր Բախշեթյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սարքի հիմնական ինժեներական աշխատանքները, ինչպես նաև՝ ծրագրային ապահովումն ամբողջությամբ կատարվել են Հայաստանում: Ա. Բախշեթյանի խոսքով' սարքի առաջին փորձնական խմբաքանակն արտադրվելու է Շվեյցարիայում հաջորդ տարի, այն ինչպես՝ բժշկական, այնպես էլ՝ սպորտային տարբերակ կունենա:

 

«Սարքի սպորտային տարբերակը կարտադրվի 2014 թվականի առաջին եռամսյակում, իսկ բժշկական տարբերակը՝ մինչև 2014 թվականի վերջ»,- ասաց Ա. Բախշեթյանը' նշելով, որ նոր սարքն ունիվերսալ է ցանկացած ականջի համար, սակայն հետագայում հնարավոր է՝ լինի նաև դրա՝ հատուկ կանանց համար նախատեսված տարբերակը, որը ականջօղ է հիշեցնելու: