ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն' հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ' «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Մարզումների նպատակներն են' առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվելու է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում: