2013թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ իմ՝ նախկին ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանի դատաքննությունը: Նիստի ընթացքում առանցքային դեր խաղաց «Սամոշ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիթչյանի հարցաքննությունը, որն առաջացրեց դատավարական կողմերի, հատկապես դատավորի իրավացի զայրույթը, որի արդյունքում դատարանի եւ դատական կողմերի համար ակնհայտ դարձավ, որ ամբողջ խառնաշփոթը մոգոնել է Ա. Չիթչյանը՝ հետագայում խնդիրներից խուսափելու, ինչպես նաեւ «Սամոշ» ՍՊԸ-ի ունեցվածքը փոշիացնելու եւ հափշտակելու համար:

 

Հատկանշական է այն փաստը, որ սնանկության գործով դատարանի այն որոշումները, որոնք բարենպաստ չեն եղել Ա. Չիթչյանի համար, սակայն բխել են օրենքի պահանջներից, մղել են նրան անբացատրելի գործողությունների: Վերադաս դատարան բողոքելու փոխարեն, Ա. Չիթչյանը միանգամից դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ քաղաքացիաիրավական հարաբերությունը վերափոխել քրեաիրավական հարաբերության: Իսկ նախաքննական մարմինը, չխորանալով այդ ամենի մեջ, քաղաքացիաիրավական հարաբերությունը դարձրել է քրեաիրավական, իսկ երեք ենթադրյալ տուժողները դարձել են քրեական գործով տուժողներ: Նախկինում դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ պարտատեր ճանաչվելուց զատ նաեւ քաղհայցեր ներկայացրել իմ նկատմամբ:

 

Դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ այս երկու տուժողների կողմից վճարված գումարները, ովքեր ի սկզբանե պայմանագիր էին կնքել ՍՊԸ-ի հետ, ՍՊԸ-ի տնօրենի հանձնարարությամբ եւ գիտությամբ ընկերության հաշվապահն ու փոխտնօրենը տարբեր ժամանակներում փոխանցել են մատակարար կազմակերպություններին, իսկ ՍՊԸ տնօրեն Թ. Հովհաննիսյանը վճարված գումարներից մարել է բանկից վերցված վարկի մայր գումարները եւ տոկոսները:

 

Այդ ամենը հիմնավորվում է բանկային փոխանցումներով եւ մատակարարների տրամադրած ապրանքների դիմաց վճարումներով: Իսկ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ամբաստանյալ ես դատարանում հայտարարեցի, որ 2011թ. օգոստոսի 15-ին ապօրինի կերպով եւ օրենքների կոպիտ խախտմամբ Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Արամյանի կողմից հարուցվել է թիվ 14128211 քրեական գործ 178 հոդվածի 3 մասի 1 կետով՝ չունենալով ձեռքի տակ քրեական գործ հարուցելու որեւէ նյութ: Այդ հիմքերը քննիչն «ապահովել» է միայն քրեական գործը հարուցելուց մի քանի օր հետո եւ ամիսներ շարունակ իրականացրել մերկապարանոց եւ անարդյունավետ նախաքննություն՝ փորձելով հիմնավորել խարդախությունը ՍՊԸ-ի կողմից, իսկ Արաբկիր համայնքի դատախազության ավագ դատախազ Խաչիկ Բաղդասարյանը, փոխանակ իրականացներ իր վերահսկողական գործառույթը, ինքն է քննիչին հանձնարարել նման ապօրինություններ կատարել (որը, ի դեպ, կաշառակերության մեղադրանքով արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է հետախուզման մեջ):

 

2011թ. սեպտեմբերից սկսած սնանկության գործով դատավարության ընթացքում, չկարողանալով զսպել սնանկության գործով կառավարիչ Ա. Չիթչյանի ախորժակը եւ ապօրինությունները, դատավոր Ալվարդ Հունանյանը ստիպված եղավ 2012թ. ընթացքում հրաժարվել սնանկության գործի վարույթից եւ դատարանի նախագահի կողմից այդ գործն ուղարկեց նույն դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի վարույթ: Գ. Ավագյանը մեկ տարի այս գործը վարելուց հետո կրկին ի վիճակի չեղավ դեմ կանգնելու Ա. Չիթչյանի սանձարձակություններին եւ օրեր առաջ նույնպես հրաժարվեց այս գործի վարույթից, որը սեպտեմբերի 25-ին մակագրվեց Արաբկիր համայնքի դատարանի մեկ այլ դատավոր Բագրատ Մկրտչյանի վրա: Այս շիլաշփոթի մեջ մնում է պարզել Ա. Չիթչյանի հովանավորներին, որոնց շնորհիվ նա շարունակում է փոշիացնել ՍՊԸ-ի միջոցները եւ հափշտակումներ կատարել:

 

 

2013թ. մարտ ամսին ՍՊԸ ամենախոշոր պարտատերը ՀՀ գլխավոր դատախազություն եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանի ոստիկանության քննչական բաժին հաղորդում է ներկայացրել Ա. Չիթչյանի կողմից կատարվող ապօրինությունների վերաբերյալ, ս.թ. մայիս ամսին Քանաքեռ-Զեյթուն շրջանի ոստիկանության քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 196 հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում քննիչ Դ. Անտոնյանը մինչ օրս մեղադրանք չի առաջադրել, հնարավորություն տալով Ա. Չիթչյանին շարունակել ապօրինությունները, դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ պարտատերերի պահանջները բավարարելու փոխարեն (ազատ բնակարանների տրամադրում) կրկին անգամ սկսել է աճուրդներ հայտարարել, որպեսզի թանկ վաճառի, իսկ ձեւակերպումները կատարի, ինչպես միշտ, ցածր գներով:

 

Հավանաբար, Ա. Չիթչյանը հույսը կրկին դրել է համաներման ակտի վրա, օրենքը չիմանալով, որ անձի վրա համաներման ակտ կիրառվում է տասը տարին մեկ անգամ, իսկ նրա վրա վերջին անգամ համաներման ակտ կիրառվել է 2011թ.-ին, կրկին նույն հոդվածով մեղադրվելու կապակցությամբ:
Այս հոդվածը խնդրում եմ դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, չթույլատրել Արսեն Չիթչյանին փոշիացնել ՍՊԸ-ի ունեցվածքը, դրա փոխարեն օրենքի շրջանակներում բավարարել պարտատերերի պահանջները:



Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Աղբյուրը` Hraparak.am