«Կրթությունը պետք է դառնա մեր երկրի հաղթաթուղթը. հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատևել է Հայ առաքելական եկեղեցու և հայ դպրոցի շնորհիվ: 21-րդ դարում մրցունակ է համարվում ուսյալ մարդը. կիսագրագետ և անգրագետ մասնագետներն այլևս անելիք չունեն»,- երեկ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա մասնակցում էր Մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետում էլեկտրոնային, տեխնիկապես հագեցած ընթերցասրահի բացման արարողությանը:

Աժ փոխնախագահը նկատեց' նոր ընթերացրահի առկայությունը բուհում վկայում է, որ Մանկավարժականը 21-րդ դարի մրցունակ ուսումնական հաստատություններից է, որակյալ կադրերի դարբնոց, որը զգում է ժամանակի շունչը:

Բուհի շրջանավարտը խոստովանեց' տարիներ առաջ հենց այս տարածքում է հանձնել պետական ավարտական քննությունները, ապա խոստացավ հանգստյան օրերին այցելել հարազատ կրթօջախ և օգտվել ընթերցասրահից: Ի դեպ, նորաբաց ընթերցասրահը գործելու է նաեւ հանգստյան օրերին:

Շարմազանովը, կարևորելով կրթության դերը, ուսանողներին հորդորեց օգտվել ընթերցասրահի բոլոր հնարավորություններից:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն ուրախությամբ նկատեց' վերջին 2 տարում սա համալսարանում բացված երրորդ էլեկտրոնային, ժամանակակից ընթերցասրահն է, իսկ մինչ տարեվերջ նախատեսվում է բացել նաև բնագիտական գրականության ընթերցասրահ:

Բուհի ռեկտորն ընթերցասրահի բացումը 

իրադարձություն համարեց. գերժամանակակից տեխնիկայով հագեցած այս վայրում ուսանողները կծանոթանան համաշխարհային մեծերի մտքերին. այն կդառնա ուսումնական գործընթացի կարևորագույն մաս ու կնպաստի կրթության նոր որակի հաստատմանը:

«Յուրաքանչյուր համալսարանի վարկանիշ որոշվում է այնտեղ դասավանդողների և շրջանավարտների հանգամանքով: Մենք հպարտ ենք, որ Մանկավարժականն ունի բազում նշանավոր շրջանավարտներ, որոնք մեծ դեր են կատարել երկրի քաղաքական կյանքի, պատմության և մշակույթի զարգացման գործում»,-նշեց ռեկտորը' նկատի ունենալով նաև ԱԺ փոխնախագահին:

 

Ժամանակակից տեխնիկայով եւ գրականությամբ համալրված ընթերցասրահում ներկայացված է շուրջ 8000 կտոր գիրք (իրավագիտության, հայ ժողովրդի պատմության, մանկավարժության, փիլիսոփայության, համաշխարհային պատմության և գրականության վերաբերյալ): Ընթերցասրահից միաժամանակ կարող է օգտվել 37 ընթերցող (12-ը' համակարգչի հնարավորությամբ):

Նշենք, որ բուհական համակարգում տեխնիկապես ամենահագեցած ժամանանակից այս ընթերցասրահներում դասական և էլեկտրոնային հնարավորությունները մեկտեղված են, ինչն էլ ավելի է բարձրացնում լավ եւ որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները:

ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահներ օրական այցելում է շուրջ 1000 ուսանող: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանն ունի ավելի քան 12 000 ուսանող:

Ի դեպ, հոկտեմբերի 16-ին բացվող ընթերցասրահի տեխնիկական համալրումն իրականացվել է ՙՄահաթմա՚ ծրագրի շրջանակներում: Իսկ ՙՄահաթմա՚ միջազգային կրթական մագիստրոսական ծրագրի իրականացման արդյունքում Մանկավարժական համալսարանն այսօր պատրաստում է կրթության կառավարիչներ: Մանկավարժական համալսարանում ՙԿրթության կառավարում» մասնագիտությունն ընտրել է 15 մագիստրոս: Դասերն արդեն մեկնարկել են, դրանք անցկացվում են տեխնիկապես հագեցած ժամանակակից գրադարանում: Երկու տարի անց այսօրվա մագիստրոսներն ամբողջապես կտիրապետեն այն հմտություններին, որ անհրաժեշտ է կրթության կառավարիչներին: