Գրողների միության համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն է, որը, ինչպես միշտ, այս անգամ ևս առանց վեճերի չանցավ, թեև ԳՄ նախագահի հինգ թեկնածուներից Էդվարդ Միլիտոնյանը (թեկնածուներից երկուսին առաջադրեցին այսօր) համագումարը բացելով՝ կոչ արեց միմյանց չվիրավորել՝ արձանագրելով՝«Մենք գրողներ ենք, ով ում ուզում է, թող ընտրի»:
Հիշեցնենք, որ ԳՄ արտահերթ համագումար նշանակվեց ԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի անսպասելի մահվանից հետո, և հիմնական թեկնածուներ են՝ ԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, գրող Դավիթ Սարգսյանը և Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Այսօր հընթացս երկու թեկնածու ևս ավելացան՝ գրող Վլադիմիր Հայրապետյանը, ով ինքնաբացարկ տվեց և կոչ արեց քվեարկել հօգուտ Հովիկ Հովեյանի, և գրող Ռոմիկ Սարդարյանը:
Վեճն սկսվեցին դեռևս այն պահից, երբ առաջարկվեց ընտրել քարտուղարություն՝ Պետրոս Դեմիրճյան, Ավիկ Իսահակյան, Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան կազմով:
Մեկ հոգի՝ գրող Աշոտ Խաչատրյանը չբարձրացրեց մանդատը և բարկանալով, որ դա չարձանագրվեց, մոտեցավ և քարտուղարությանը հարցրեց, թե ինչու իր դեմ լինելը չի արձանագրվում: Գրողը լքեց դահլիճը՝ ասելով՝ «Էս ինչ ա, Բրեժնևը ք… ք էր կերել»:
Քիչ հետո դահլիճ վերադարձած Աշոտ Խաչատրյանի վրա էլ հարձակվեց ԳՄ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Սամվել Բեգլարյանը՝ գոռգոռալով, թե նա «КГБ»-ից է, ինչին ի պատասխան Խաչատրյանը՝ հեգնանքով նշեց, թե «գնամ КГБ-ից» աշխատավարձս ստանամ:
Գրողների միության անդամների միջև նոր վեճերի պատճառ դարձավ հաշվիչ հանձնաժողովների ընտրությունը, և ոմանք տեղերից գոռում էին, թե ինչու պետք է ցուցակ ներկայացվի, այլ ոչ տեղում ընտրվի:
Ի վերջո, ձեռք բերվեց կոմպրոմիս, որ առաջադրված երեք թեկնածուները Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը կներկայացնեն երկուական թեկնածու, մեկն էլ՝ յոթերորդ անդամն էլ կլինի երիտասարդ գրողների կողմից՝ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը այսկերպ հաստատելու առաջարկը եկավ թատերագետ Լևոն Մութաֆյանից, ով տեղից հայտարարեց, որ ԳՄ նախորդ համագումարում նախագահի ընտրությունն անցել է բազմաթիվ կեղծիքներով, ինչի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ ունի:
Երկար գրողները վիճեցին հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհում էին, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա: Կային գրողներ, որ տեղից բղավում էին՝ «ոչ մի րոպե ձայն մի՛ տվեք»:
Այբբենական կարգով առաջինը ելույթ ունեցավ Վլադմիր Հայրապետյանը, ով հանդես եկավ հօգուտ Հովիկ Հովեյանի ինքնաբացարկով, հայտարարեց, որ 2001 թվականից ի վեր Գրողների միությունը չի ունեցել կանոնադրություն, գործել է ապօրինի:
«Անընդհատ մեր բերանը փակել են, թե ստեղծագործական միությունների մասին օրենքի մեջ կտեղավորվենք և այլն»,- ասաց Վլադմիր Հայրապետյանը և ավելացրեց, որ այս տարի ընդունված կանոնադրությունը ավելի լավ է՝ չընդունվեր, «մնային էդ ապօրինի դաշտում»:
Նա ասվածը մասնավորեցրեց կետով, որը սահմանում է, թե կարող է լինել Գրողների միության անդամ:
«Ինչ է ասում մեր կանոնադրությունը՝ ԳՄ անդամ կարող է լինել ՀՀ յուրաքանչյուր հայազգի քաղաքացի, ով ստեղծագործում է»,- ասաց Վլադմիր Հայրապետյանը և հարց տվեց, թե ինչ է նշանակում՝ հայազգի: Այսինքն՝ ԳՄ–ի կազմում կան բազմաթիվ այլազգի՝ եզդի, քուրդ ,ասորի գրողներ, և ստացվում է, որ նրանք չեն կարող ԳՄ նախագահ ընտրվել:
Նա նաև նկատեց, որ սփյուռքի գրողներն ընտրում են, սակայն նախագահ ընտրվելու իրավունք չունեն։ Սա ըստ Վլադմիր Հայրապետյան՝ նրանց դարձնում է ընտրազանգված:
Թեկնածուն հայտարարեց նաև, որ կանոնադրական խախտում է այն դրույթը, որ ԳՄ նախագահը մինչև մեկ միլիոն դրամի արժողության գույքը կարող է օտարել, նվիրել: Ըստ նրա՝ դրա իրավունքը ունի տվյալ կազմակերպության մարմինը, բայց ոչ տվյալ անձը՝ նախագահը:
Վլադիմիր Հայրապետյանը հայտարարեց նաև, որ 13 տարի է, ինչ ԳՄ–ում աուդիտ չի եղել, ֆինանսատնտեսական գործունեության և ոչ մի ստուգում: Եվ հետևաբար, առաջարկեց, որ նոր նախագահը դրսից աուդիտ հրավիրի:
Նա հավելեց նաև, որ պետք են միության իրավակառուցվածքային փոփոխություններ, քանի որ ԳՄ–ն ձևավորված է «երեսունականների կոլխոզի» սկզբունքով, անհասկանալի է, թե ինչ են անում երկու կոլեգիալ մարմինները՝ նախագահությունը և քարտուղարությունը: «Ոչ մի բան»,-ավելացրեց նա:
Իր ելույթը նա ավարտեց ասելով, որ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը ուներ «Հավատանք և փոխենք» կարգախոսը, ապա Գրողների միության պարագայում պետք է գործի «Փոխենք, որ հավատանք» սկզբունքը:
Հովիկ Հովեյանն էլ հայտարարեց, որ Սփյուռքին ընտրվելու հնարավորությունից զրկելով նրան դարձնում են ընտրազանգված և հայտարարեց, «Գրողների միության նախագահը պետք է բոլորի նախագահը լինի, չպետք է մի քանի գրողների նախագահը լինի»:
Իսկ որպես ծրագրային դրույթներ Հովիկ Հովեյանը առաջարկում է խստացնել միություն անդամներ ընդունելու պայմանները, ԳՄ-ին կից ստեղծել թարգմանչական գեղարվեստական խորհուրդ, գրաքննական բաժանմունք, որը ընթերցողին կներկայացնի գրողների ստեղծագործությունների գեղարվեստական վերլուծությունը, ժանրային սեկցիաներին տալ արտոնություններ, բարելավել հրատարակչական գործը, վարագույր դնել Գրողներից միության դահլիճում:
Ձեռքն ուղղելով ԳՄ ճաքերը ծածկող կտորների ուղղությամբ Հովիկ Հովեյանը առաջարկեց «վերացնել էս գազարագույն բաները»: Ինչպես նաև ԳՄ-ից հեռացնել այն գրողներին, որոնք պետպատվերով ոչ մի գործ չեն հրատարակել։ Բացառություն կկազմեն երկրից օբյեկտիվ պատճառներով բացակայողները, դատապարտված գրողները:
Հովիկ Հովեյան առաջարկեց նաև միությանը պատկանող տեղծագործական տներում չորս օրով ավելացնել տասը տարվա անդամ հանդիսացող գրողների անվճար մնալու կարգը, կոչ արեց, որ գրական մամուլի պատասխանատուները հանդես գան հաշվետվությամբ:
«Գրողների միության նախագահի աշխատանքը պաշտոն չէ, այլ ծառայություն, և ես կսեղմեմ նրա ձեռքը, ով այստեղ կմտնի որպես ծառայող այլ ոչ թե աթոռակիր»,- իր ելույթն այս խոսքերով ամփոփեց Հովիկ Հովեյանը:
Էդվարդ Միլիտոնյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կընդլայնվեն սփյուռքի և Արցախի ԳՄ բաժանմունքերի գրողների տպագրության ենթակա գրքերի ցանկը:
Պատասխանելով մեղադրանքներին, որ ԳՄ անդամ են դառնում ոչ միայն ոչ գրական դեմքեր, այլև գրողական աշխարհի հետ որևէ կապ չունեցող մարդիկ, Միլիտոնյանը հայտարարեց, որ հենց կոնկրետ պահը գալիս է , բոլորը, ովքեր խոսում են չափանիշների մասին, դրանց մասին մոռանում են:
Նա նաև ավելացրեց, որ ԳՄ նախագահը իրեն չպետք է վերապահի ԳՄ անդամ դարձնելու մենաշնորհային դիրք, ինչպես նաև տարբեր գրական մրցանակներ տալու: Նա խոստացավ թարգմանությունների միջոցով խթանել հայ գրողներին աշխարհին ներկայացնելու գործընթացը:
Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ավելացնելու է գրատարած ցանցը, սակայն ունի նաև սոցիալական ծրագրի մեկ–երկու կետ: Մասնավորապես, որ երիտասարդ գրողները կարողանան օգտվել «Մատչելի բնակարան« ծրագրից՝ վարկերի տոկոսադրույքների պակասեցման կամ մարման ժամկետի ավելացման հաշվին:
Մյուս թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը նկատեց, որ դա պետք է լինի ոչ թե ԳՄ–ի այլ Սոցապ նախարարության գործը, իսկ միությունը դրան կարող է աջակցել: Նա ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր կազմակերպչական հարցերի վրա, մասնավորապես, որ Արցախի գրողները մասնակցում են ԳՄ նախագահի ընտրությանը:
Նա նշեց, որ ներքին քաղաքական գծին հավանություն տալով, հանդերձ՝ այս պարագայում անհամատեղելի «են օրենքն ու ցանկությունը»:
Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ գրողները, որոնց ընդունված է համարել, որ հասարակության խիղճն են, մեկուսացել են հասարակական կյանքից, խզված է կապը գրողի և հասարակության միջև:
Ավելին՝ նախկինում գրողները որոնք, ըստ Դավիթ Սարգսյանի՝ կարող էին պայթյունավտանգ դարձնել յուրաքանչյուր հարց, «Արտագաղթից սկսած վերջացած այլ իրադարձություններով, որևէ արձագանք չենք տալիս հասարակական ընդվզումներին»:
Թեկնածուների նախընտրական ծրագրային ելույթներին հետևեցին գրողների ելույթները, իսկ քվեարկությունը տեղափոխված է ավելի ուշ։
Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցեց Սերժ Սարգսյանի ուղերձը: