«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ հրապարակախոս Զորի Բալայանի որոշելիքն է այս կամ այն երկրի նախագահին նամակ գրելը կամ չգրելը, սակայն կարծում է, որ նախ դա պատահականություն չէ, բացի այդ, ոչ ոք իրավունք չունի ազգի անունից ինչ-որ մեկին դիմել:
«Ես դա շատ վատ եմ համարում, վստահ եմ, որ դա պատահականություն չէ»,– Tert.am–ի հետ զրույցում ասել է Խաչատուր Քոքոբելյանը։
Վերջինս անընդունելի է համարել Զորի Բալայանի մոտեցումները, նրա ընտրած ոճը և վստահություն հայտնել, որ այդ նամակից հետո հայ-ռուսական կամ հայ-եվրոպական հարաբերություններում Ղարաբաղի հարցում որևիցե բան չի փոխվելու:
«Ղարաբաղի խնդրի հետ կապված շահերի վերադասավորություն չի կարող լինել նամակագրության արդյունքում: Դրա համար ես չեմ էլ ուզում ուշադրություն դարձնել դրա վրա: Կան հստակ ձևավորված շահեր' գերտերությունների շահերը մեր տարածաշրջանում: Մենք' որպես պետություն, ունենք մեր շահերը»,- նշել է նա:
«Խաչատուր Քոքոբելյանը նաև ափսոսանք հայտնեց, որ մինչ այս պահը կան մարդիկ և ազդեցություն ունեցող մարդիկ, որոնք հույսը դնում են ուրիշ պետությունների վրա»,-գրում է լրատվամիջոցը:
«Մենք շատ վաղուց պիտի հասկացած լինեինք, որ մենք ենք կերտելու մեր ապագան և որ մենք ենք մեր երաշխավորը»,- ընդգծել է նա: