Օտար լեզու չիմանալը, այդ թվում նաև ռուսերեն, անշուշտ, անպատվաբեր չէ: Ցանկալի է իհարկե, որ մարդիկ, հատկապես հայտնի մարդիկ, տիրապետեն հնարավորինս շատ լեզուների, որովհետև նրանք բազմիցս հանդես են գալիս միջազգային հարթակներում, և լեզուների իմացությունը միայն կնպաստի առավել հեշտ շփմանն ու նոր նախագծերի քննարկմանը: Սակայն որևէ դեպքում պատիվ չի բերում, որ որոշակի հանրային ճանաչում ունեցող մարդիկ, փորձելով գրագետ և ուսյալ երևալ, իրենց անգրագիտությամբ խայտառակում են և իրենց, և այն բնագավառը, որ ներկայացնում են:
Երգիչ-երգչուհիների՝ օտար լեզուների չտիրապետելու մասին համացանցում բազմիցս գրվել է: Երկարատև, բուռն քննարկման արժանացավ Յուրմալայում լրագրողի հետ հարցազրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանի ռուսերեն իմացության մակարդակը: Մարդը գերադասել էր թարգմանիչով հանդես գալու փոխարեն փայլել իր «անողնաշար» ռուսերենով՝ դառնալով ծիծաղի առարկա: Եվ ահա, այդպիսի մտքի թռիչքով աչքի է ընկել երգչուհի Օլգա Այվազյանը: Մարդը, չգիտես ինչու, որոշել է իր հոգու ներաշխարհը ֆեյսբուքում բացել ռուսերեն լեզվով: Դե Մաքսային միության անդամակցության ֆոնին, անշուշտ, երգչուհին չէր կարող չընդգծել, որ մտածում և զգում է ռուսերեն: Սակայն ռուսերեն լեզվին մակերեսային ծանոթություն իսկ ունեցող ցանկացած մարդու մտահորիզոնը ջարդուփշուր է լինում, երբ ներխուժում է Օլգա Այվազյանի ռուսաֆիկացված ներաշխարհը: Մայրենի լեզվով արտահայտվելու փոխարեն երգչուհին գերադասել է արտահայտվել այնպիսի լղոզված ու անգրագետ ռուսերենով, որ ակամա երանի ես տալիս Սոնա Շահգելդյանի «ոսկեղենիկ» ռուսերենին:
MediaMall.am-ի տրամադրության տակ է հայտնվել Օլգա Այվազյանի՝ վերջերս «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում կատարած գրառման լուսանկարը:
Տեղադրելով Օլգա Այվազյանի ֆեյսբուքյան էջից պատճենված լուսանկարը, որտեղ ընդգծված են երգչուհու գրառման սխալները, կոչ ենք անում բոլորին՝ ձեր մտորումները արտահայտեք հայերենով: Հայոց լեզվով խայտառակվելու ձեր շանսերը շատ ավելի փոքր են, եթե իհարկե ձեր վերջին կարդացած գիրքը Այբբենարանը չէ: