Այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի այն հարցին, թե երբ կավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը, վարչապես տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունը զոհված ազատամարտիկների բնակարանի կարիք ունեցող ընտանիքների հաշվառում է կատարել եւ խմբերով առանձնացրել, սակայն ծրագիրը դանդաղել է, քանի որ 2010 -2011թթ. շինարարությանը հատկացվող գումարները նվազել են»:

 

Ըստ Սարգսյանի՝ սկզբնապես նախատեսվել էր, որ ամեն տարի շինարարության համար հատկացնել 3 միլիարդ դրամ, սակայն բյուջետային ճշտումներից եւ կրճատումներից հետո այդ գումարը նվազել էր մինչեւ 500 միլիոն դրամի: «Ներկայումս մենք պաշտպանության նախարարության հետ մշակում ենք մի ծրագիր, որը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում լուծել այդ խնդիրը, այսինքն՝ ֆինանսավորումը կավելացվի»:

 

Ըստ Սարգսյանի՝ ակնհայտ է, որ խնդիրը դժվար կլինի լուծել 500 միլիոն դրամ ֆինանսավորման դեպքում, սակայն դա առաջնահերթ խնդիր է, որի լուծման համար խնայողություններ կարվեն երկրի բյուջեում: