««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, մտքերի փոխանակության ժամանակ վրդովված ելույթ է ունեցավ Նիկոլ Փաշինյանը»,-գրում է tesadasht.am-ը և մեջբերում Ն. Փաշինյանի խոսքը. «Ինչու պիտի կողմ քվեարկեմ, որ նախագահի, Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը 373 հազ. դրամից դարձնեն 1 մլն 190 հազ. դրամ, այսինքն՝ 218 %-ով բարձրացնեն:

 

Նրանք այն մարդիկ են, որոնց այսօրվա պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը Հայաստանում 27,6 %-ից աճել հասել է 37%-ի: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները փողից խեղճ են եղել և քիչ են ստացել, դրա համար նրանց պաշտոնավարման հետևանքերը աղետալի Հայաստանի համար»:

 

 «Նրանք կասեն, որ 2014 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում է նախատեսվում: Այո, նախատեսվում է: Ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրանալու է 4,7 %-ով: Եվ եթե այսօր ուսուցիչը ԿԳՆ նախարարից 3,2% ցածր աշխատավարձ է ստանում, այս օրինագծի ընդունումից հետո 5,3 անգամ պակաս կստանա»,-ասել էՓաշինյանը։ Ըստ նրա, եթե հաշվի առնենք, որ հունվարին մեկնարկում է կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարը, ստացվում է, որ ուսուցիչների աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ իրականում չկա:

 

Լրատվամիջոցի փոխանցմամբ` Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այսօր 1 մլն 146 հազ. մարդ պաշտոնապես աղքատ է և ամեն օր լուրի են սպասում, որ այսպես կոչված՝ քաղաքական էլիտան, իրենց աղքատության ճիրաններից պետք է հանի: «Եվ ահա այսօր, նրանք կստանան «բարի լուրը», որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը: Ինչ է սա, եթե ոչ ցինիզմ աքատության, հուսահատության և արտագաղթի ֆոնին: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն իմ դիրքորոշումը որոկել որպես պոպուլիստական»,- իր վրդովմունքն է արտահայտել նա։

 

Նիկոլ Փաշինյանը հարցադրում է արել, թեինչու պետք է բարձրանա վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի և քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպե՞ս է օլիգարխը քարուքանդ անում մշակույթային արժեքները:

 

«Եվ վերջում Փաշինյանն, անդրադառնալով ֆինանսների նախարարի հայտարարությանն, ըստ որի՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացումը կօգնի պատգամավորին ավելի անկախ լինել, ասաց, որ դա իրեն հիշեցնում է հայտնի բալլադի մեջ հնչող հարցը»,- գրում է կայքն ու հավելում. «Շուռա, ինչքան է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար: Կառավարության տրամաբանությամբ, պատգամավորին ազատ լինելու համար չի բավականացնում ընդամենը 329 հազ. 805 դրամ: Հենց այսքան են պատրաստվում բարձրացնել պատգամավորի աշխատավարձը»,- եզրափակել է Փաշինյանը: