Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության այսպես ասած կնքահայր է տեսնում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Aravot.am-ի հետ զրույցում լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի, որ Կովալենկո Շահգալդյանին է համարում մեղավոր սպանության մեջ՝ Հակոբ Մուրադյանը պատասխանել է. «Հիմքերն այն են, որ իմ հորեղբայրը բացի իրենից ու իր նման մի քանի հոգուց ուրիշ ոչ մեկի հետ հարց չի ունեցել, խնդիր չի ունեցել երբեւիցե»:

 

Նա պատմել է, որ Հրաչ Մուրադյանը մարզպետի հետ գյուղի հետ կապված խնդիրներ է ունեցել. «Ես տեղյակ եմ, որ նրանց մեջ անգամ վիճաբանություն է եղել»: Հարցին՝ իրավապահ մարմինները տեղյա՞կ են դրա մասին՝ Հակոբ Մուրադյանը պատասխանել է. «Որ ուզենային տեղյակ լինեին՝ կլինեին: Ես ինչ իմացել եմ՝ ասել եմ»:

 

Թե ինչ հարցերի շուրջ է եղել Հրաչ Մուրադյանի եւ Կովալենկո Շահգալդյանի անհամաձայնությունը՝ Հակոբ Մուրադյանն ասել է. «Մարզպետը չէր կարողանում կուլ տալ, որ իր գյուղում դաշնակցական է ղեկավարում ու չի ենթարկվում իրան, իր կամակատարը չի: Ամեն առումով պիտի ենթարկվեր, ինքը ինչ ասեր՝ գյուղապետը պիտի էդ աներ, գյուղապետն էլ չէր ուզում անել:

 

Անում էր էն, ինչը մտածում էր, որ գյուղի շահերից է բխում, իսկ էդ մարզպետին ձեռք չէր տալիս»: Լրատվամիջոցի դիտակմանը, որ մարզպետը Ձեր այդ հայտարարության հետ կապված ասել է, որ անհեթեթություն է՝ Հակոբ Մուրադյանը պատասխանել է. «Մարզպետը ինչ ուզենա՝ կարող է ասի, բայց մեկ է, ես մտածում եմ էն, ինչ մտածում եմ: Ես համոզված եմ՝ իր մատը մեկ է խառն է»: