Tert.am -ի հետ հարցազրույցում Կոմպոզիտորների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանն անդրադարձել է միության նախկին ղեկավարի հնչեցրած մեղադրանքներին, որ կոմպոզիտորներին ընտրակաշառք է բաժանվել: Նա նաև անդրադարձել է միության նախորդ տարիների գործունեությանը և նշել, որ հրավիրելու է աուդիտ, որն էլ կտա բոլոր հարցերի պատասխանը:
-Պարոն Սաթյան, բոլորին զարմացնում է փաստը, թե ինչպես Կոմպոզիտորների միությունում իշխանափոխություն տեղի ունեցավ, որովհետև այլ ստեղծագործական միություններում ղեկավարները մնում են այնքան, մինչև որ այլևս առաջադրվելու հնարավորություն չի լինում՝ ըստ կանոնադրության կամ մահանում են: Ինչն է պատճառը, ըստ Ձեզ, կոմպոզիտորնե՞րն են ավելի ըմբոստ:
-Ոչ ինչո՞ւ, Էդվարդ Միրզոյանը նա թողեց աթոռը, երբ իրեն մեղադրեցին ինչ-որ սխալ քայլի մեջ, և նա ուղղակի ժողովի ժամանակ ասաց, որ չի ցանկանում ղեկավարել:
-Ես նկատի ունեմ օրինակ՝ Նկարիչների միությունը, Գրողների միությունը:
-Մենք մի քիչ ավելի կիրթ ձևով ենք այդ հարցերին վերաբերվում, ճիշտ է, այս տարբերակը, որ նշեցիք, որ ինչ-որ փոփոխություններ և այլն, այստեղ ուղղակի հենց կոմպոզիտորները հոգնած էին շատ հարցերից: Բոլորն ուզում են, որ նոր ձևի մտածողություն մտնի, մտածողություն, որը չի պառակտի մեր համակարգը: Այսինքն՝ կոմպոզիտորների և երաժշտագետների: Գիտեք, մենք բոլորս իրար գիտենք, որովհետև քիչ ենք: Միության անդամների քանակը 121 է, բայց անտարբերությունը, որ կարող էր տիրել... ասենք՝ ցուցակների մեջ կար մարդ, ումից տեղյակ չէին, որ մահացել է: Եվ մարդիկ ուզում են, որ որևէ մեկը իրենց մասին հոգա: Կարճ կապեմ. Անտարբերությունն է բերել այս արդյունքի:
-Եվ ըստ Ձեզ՝ դրա՞ համար ընդվզեցին ու քվեարկեցին այդպես:
-Այո՛, որովհետև եթե մեզ մեղադրում են ինչ-որ բանում, մենք նույնկերպ կարող ենք մեղադրել հակառակ կողմին, որովհետև ղեկավարման ղեկը իրենց ձեռքն էր, նրանք կարող էին ստիպել, պարտադրել, և այլն, և այլն: Մենք նման լծակներ չունեինք:
-Շատ լավ, Ռոբերտ Ամիրխանյանը նշել էր, որ վերջին պահին մինչև 400 հազար դրամի ընտրակաշառք է բաժանվել: Եվ նաև ասել, որ այս ամենում չի կարող չտեսնել քաղաքական բան:
-Մեր կոմպոզիտորները չգիտեմ… կարող է 500 հազա՞ր են տվել… թող Ռոբերտ Ամիրխանյանն առաջին հերթին մտածի իր մասին, որովհետև չի կարելի համագումարի առաջին օրը կաշառք տալ կոչումներով, մեդալներով և այլն: Դա ավելին է, քան 400 հազարը: Ամոթ է, ու ես միշտ ասել եմ՝ ամոթ է այդ ձևով աշխատել: Ամոթ է մարդկանց վրա բիծ նետել: Ես Ռոբերտ Ամիրխանյանին շատ վաղուց գիտեմ, ես շատ բաներ չեմ ասում ու չեմ էլ ուզում ասել, բայց թող Ռոբերտ Ամիրխանյանը հիշի, որ ժամանակին կազմակերպված մրցույթին, երբ ես գրավել էի առաջին տեղը, ինքը՝ երկրորդ, ինքը Կենտկոմ նամակ պատրաստեց, ու ես Սովետական Միությունում արգելված կոմպոզիտոր էի: Թող ինքը հիշի ու իր ձևերը չվերագրի մեզ:
-Բնականաբար, հերքում եք, որ 400 հազար դրամ կաշառք է բաժանվել:
-Իհարկե, այո՛, հնարավոր չի նման բան… եթե ես ունենայի 400 հազար դրամ, ճիշտ է՝ ունեմ ինչ-որ գումար, բայց սադրանքը իր աշխատաոճն է: Ուրեմն՝ ինքն առաջարկել է: Ես չեմ ուզում մանրանալ, իր աստիճանի հասնել: Ամոթ է: Դու եկար իմ ձեռքը սեղմեցիր և դրանից հետո սադրում ես: Ամոթ է, և բոլոր գիտեն, որ Արամ Սաթյանը մաքուր անձնավորություն է:
-Կոնկրետ ինքը, կարծես, տեսնում է այս ամենում «Բարգավաճ Հայաստանի» կողմից գումարների հետք, ակնարկում է, որ կան տնտեսական հետաքրքրություններ, ոչ աչք է դրվել Կոմպոզիտորների միության ստեղծագործական տան վրա…
-Նորից սադրանք: Արամ Սաթյանը էն մարդը չի, որ իրեն թույլ տա նման խաղեր խաղալ: Ռոբերտը Ամիրխանյանը, ինքը կարող է, քանի որ բոլոր կառավարությունների օրոք կարողանում էր լինել այդ հարաբերությունների մեջ: Իր համար մեկ է, լինի՛ Սովետ, լինի Տեր-Պետրոսյան, լինի Քոչարյան, Սերժ Սարգսյան: Ինքը էդ բնավորությունն ունի:
-Այդ դեպքում ինչու՞ պարտվեց, մանավանդ որ ասոցացվում էր իշխանության թեկնածուի հետ և համագումարին էլ հնչեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
-Դե բնական է, որ պետք է հնչեր, որովհետև նախագահը բոլորին էլ ուղերձ էր ուղարկել, և բոլոր միությունների համագումարները սկսվում են մտավորականներին ուղղված ուղերձներով: Ինչ վերաբերում է, թե ինչու տարվեց, թող ինքը հարցի պատասխանն իր մեջ գտնի: Ինչու տարվեց… որովհետև մարդիկ չեն ուզում, որ իրենց վրա գոռան, որը ձեռքը խփեն սեղանին: Իսկ ես եկել եմ նախընտրական ծրագրով և ասել եմ՝ մենք: Սա ոչ թե իմ անձի հարցն է, սա մեր հարցն է: Եվ ոչ թե ես եմ առաջարկել ինձ, այլ ինձ են առաջադրել:
-Իսկ Դուք պարոն Ծառուկյանի կամ իր կուսակցության անդամների հետ ի՞նչ անձնական հարաբերություններ ունեք:
-Ես ոչ ծանոթ եմ, ոչ էլ պետք է... թող մարդիկ կողքից ասեն, թե ես ով եմ: Որովհետև ամոթ է, կրկնում եմ՝ սադրանքին սադրանքով պատասխանել:
-Կոմպոզիտորների միության նախկին նախագահը նաև նշել էր, թե մարդիկ սարսափելի նյութականացված են, և որ Դուք էլ Ձեր ծրագրի առաջին կետում առանձնացրել էիք կոմպոզիտորների սոցիալական հարցը:
-Ինքը շատ բան է ասել, բացեք ծրագիրը, առաջին դրույթն ի՞նչ է. ինտեգրել միությունը միջազգային մշակութային կառույցներին և մշտական կապեր հաստատել այդ կազմակերպությունների հետ, վերականգնել Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի արժանապատիվ դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում... և այլն:
-Այնուամենայնիվ, գուցե շա՞տ եք կենտրոնացել կոմպոզիտորների սոցիալական խնդրի վրա, և դրա մեջ էլ վատ բան չկա:
-Ասեմ, քանի որ մենք մինչև չլինի աուդիտ չենք կարող ասել՝ ինչ գործունեություն է ծավալել Ամիրխանյանը, և եթե ինքը ուզում է, որ մենք թվեր ասենք, կասենք: Աուդիտից հետո կխոսենք էդ բոլոր հարցերի շուրջ…
-Ինչի՞ մասին:
-Ինչ է եղել, ուր են այն բոլոր գումարները, որոնք եղել են, մտել են միություն... Միայն աուդիտից հետո կարող եմ պատասխանել այդ հարցերին: Գիտեք, պարտված մարդու հոգեբանություն ունի: Եվ ասում եմ՝ իրեն գիտեմ, ինքը սադրանքով ապրել է ողջ կյանքում:
-Ձեզ ո՞վ է շնորհավորել բացի միության անդամներից:
-Ինձ երեկ զանգահարեց Կոնստանտին Օրբելյանը, Տիգրան Մանսուրյանը և ոչ միայն: Այսինքն՝ բոլորը ուզում են գործ անել, բոլորը ուզում են աշխատել, որովհետև սա հանուն հայ երաժշտության է: Իր մոտ խոսքը և գործը չեն համապատասխանում իրար: Ես չէի ցանկանա անցյալի մասին խոսել, ես, հակառակը, կցանկանայի, որ Ռոբերտ Ամիրխանյանը լինի իր բարձրության վրա, ինքը սիրված կոմպոզիտոր է, ինչու է դիմում այդ ստոր քայլերին, որոնց ինքը միշտ է դիմել, բոլորս էլ գիտենք: Ախր շատ բաներ կա ասելու, չեմ ուզում, իմ կոլեգան է, ինքը ինձ ձեռք մեկնեց, ամոթ է:
-Ինչքան հասկացա աուդիտ եք պահանջելու:
-Այո՛, պահանջելու եմ, և յուրաքանչյուր նոր ղեկավար պահանջում է աուդիտ:
-Ես մինչև համագումարը խոսել եմ մի քանի կոմպոզիտորների հետ, խոսել եմ մի կոմպոզիտորի հետ, եկեք անունը չնշեմ, որը ասում էր, որ ոչ այս կողմից է, ոչ այն կողմից, բայց ավելացրել էր, որ ով էլ գա, միևնույնն է, ոչինչ չի կարողանալու անել…
-Հա , գիտեմ, Ռոստոմյանն է… Նա էլ ա զանգել, միասին կաշխատենք։ Գիտե՞ք ինչ, չի լինում, որ այս կամ այն կողմից չեմ, լինում է վախկոտություն և ոչ վախկոտություն: Բարձրաձայնել այն սխալները, այն, ինչ եղել է, դա երևի տղամարդու հատկանիշ է: Եվ զարմանալի չէ, որ ինձ առաջարկել են՝ իմանալով իմ բնավորությունը, որ եթե ես մի բան անում եմ, նվիրված եմ անում ու տղամարդու նման կանգնած եմ: Ես հետևից ոչ խոսում եմ, ոչ խոսել եմ:
-Լավ, ի՞նչ կարող եք անել, եթե նշում են, որ ռեսուրսներ չկան, աղբյուրներ չկան:
-Ո՞վ է ասում՝ չկան: Նոր այստեղ ՄԱԿ-ի ներկայացուցիչ կար (ցույց է տալիս ընդունարանի աթոռը), որը ներկայացրեց ծրագրեր՝ նոր ձևով աշխատելու, նոր մտածողություն:
-Այսինքն՝ մենեջմե՞նթ, մարքետինգ:
-Այո՛, Սովետի քանդվելուց հետո մինչև հիմա այս շենքում կոմպյուտեր չկա: Այստեղ չկա տեղեկատու ինչ-որ օղակ: 22 տարի Կոմպոզիտորների միությունը չի կարողանում մի հատ ջեռուցում անցկացնի: Թող գնան մի հատ Ռոբերտ Ամիրխանյանի «դաչան» նայեն ու հետո խոսեն, թե ինչու չի եղել միության մեջ ջեռուցում, իսկ իր առանձնատունը ջեռուցվել է:
-Նաև նշվում էր, որ ինքը նախագահից գումարներ էր ստանում, բերում տալիս էր կոմպոզիտորներին, ամսական, եթե չեմ սխալվում, մոտ մեկ միլիոն դրամի չափով:
-Ես չգիտեմ, ես գիտեմ, որ ինչ-որ գումարներ եկել են, գիտեմ, որ նախագահը շատ սիրում է արվեստը, և ինքը օժանդակում է ոչ միայն իրեն, այլ էստրադային նվագախմբին, այլ կոլեկտիվների: Այդ օժանդակությունները միշտ կան: Ինքը օրինակ՝ ասում էր, թե մրցանակներ եմ տվել: Ո՞վքեր էին ստացել այդ մրցանակները, Տիգրան Մանսուրյանը ստացե՞լ է մրցանակ Կոմպոզիտորների միությունից, ո՛չ, ես ստացե՞լ եմ, ո՛չ, Չաուշյանը ստացե՞լ է, ո՛չ:
-Այսինքն՝ իր մոտ ընդդիմություն էիք իր կառավարման տարիներին:
-Մենք ընդդիմություն չենք եղել, մենք մտածող ենք ու ստեղծագործող: Կային մի խումբ կոմպոզիտորներ, որոնք ստեղծագործում են և կային մի խումբ երաժշտագետներ, որոնք պետք է քննադատեին, և որոնց հոդվածները 22 տարի այդպես էլ լույս չեն տեսել: Եվ բախումներ եղան, դրա համար մեր միությունը Կոմպոզիտորների միությունից դարձավ Երաժշտագետների միություն: Իսկ ինչո՞վ էր դա պայմանավորված, որովհետև ինքը զբաղեցնում էր Կոնսերվատորիան, տեսական ամբիոնի վարիչն էր, և բոլոր դասախոսները վախենում էին՝ կամ կրճատվել, կամ ազատվել, կամ նրանց ժամերը պակասեցվեին: Եվ նրանք, բնական է, քվեարկել են Ամիրխանյանի օգտին, իսկ ստեղծագործող մասը քվեարկել է իմ օգտին: Հիմա կարելի է պարզ տեսնել, թե ով և ինչպես է օգտագործել այն բաները, որոնցով ինքը գլուխ է գովում:
-Այնուամենայնիվ, քվեարկությունը փակ գաղտնի է և նման վստահություն չեք կարող ունենալ:
-Մինչև քվեարկությունը և՛ այստեղ, և՛ Կոնսերվատորիայում հավաքում էին մարդկանց և ասում, որ քվեարկեն ոչ թե ինձ համար, այլ Ամիրխանյանի:
-Եվ մի հարց էլ կա. կոմպոզիտորները բողոքում են, որ Մշակույթի նախարարությունը, եթե պատվեր չիջեցնի սիմֆոնիա կամ օպերա գրելու համար,ապա կոմպոզիտորը իր հանապազօրյա հացի խնդիրը չի կարող լուծել: Մինչդեռ ըստ կոմպոզիտորների՝ նման պատվերներ արդեն վաղուց չեն իջեցվում: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը, դոնորների՞ միջոցով եք ցանկանում լուծել:
-Դա պայմանավորված է նրանով, որ Կոմպոզիտորների միությունը չի աշխատել նախարարության հետ պատշաճ ձևով: 22 տարվա մեջ այդ սանդղակը, որը կարող էր առաջարկել միությունը, չի առաջարկվել: Նախարարությունում աշխատում են խմբագիրներ, այլ մասնագետներ, նրանք որտեղի՞ց պետք է իմանան՝ ինչ գնով կարելի այս կամ այն ստեղծագործությունը գնել: Նամանավանդ նախարարության հիմնական նպատակը երաժշտական կոլեկտիվները լրացնելն է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Եվ այդ բանը արվել է, և նույնիսկ նախարարն է եկել: Ուղղակի սխալն այն է,որ այդ գումարները տրվել են միությանը, ժամանակին կար մի հանձնաժողով, հենց նախարարությունում, որը ղեկավարում էր կոմպոզիտորը և կարելի էր ազդել, որ այդ ստեղծագործության պատվերը կամ գնումը մեկի կողմից արվի:
-Այսինքն՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ նախարարությունը նման պատվերներ հետայսու իջեցնի։
-Այո, ես պատվերով գրել եմ «Մորգանի խնամի» մյուզիքլը Պարոնյանի անվան թատրոնում, բայց ոչ միության միջոցով: Բոլորը գերի են դառել իր քաղաքականությանը: Կրկնում եմ, չեմ ուզում խոսել անցյալի մասին, եթե հարց ունեք ապագային վերաբերող, խնդրեմ… Ես ուզում եմ աշխատել, և դա պիտի անեմ, հենց հանուն նրա, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, ինձնից հետո որևէ մեկը ասի՝ «Ու՞ր են էս բաները, ուր է այս գործիքը»: Այդ կասկածները չպետք է լինեն, ամեն ինչ պետք է լինի շատ թափանցիկ և բոլորը հասկանան, որ ամեն կոպեկի համար պատասխանատու է միության նախագահը: Բայց որ մտնեն հաշվապահություն, ուզենան տեսնեն, թե ինչ է կատարվում միությունում, ինչ գումարներ են մտնում, ում հետ է պայմանավորված այս կամ այն հարցը, հստակ լինի։