Լուրեր.com-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը.
Պարոն Ենգիբարյան, վերջերս Հայաստան էր ժամանել Ադրբեջանի Եվրոպական շարժման պատվիրակությունը, ո՞րն էր այդ այցի նպատակը:
Ինչպես տեղյակ եք, Միջազգային եվրոպական շարժումը (ՄԵՇ) գործում է ողջ Եվրոպայում ավելի քան 40 ազգային խորհուրդների միջոցով: ՄԵՇ-ին անդամակցում են նաև շուջ 30 միջազգային կազմակերպություններ: Բոլոր միջազգային կազմակերպություններում տարածաշրջանային բաղադրիչը բնականաբար կարևոր է, և տարբեր ռեգիոնների ազգային խորհուրդներն իրենց խնդիրները կարողանում են առաջ մղել՝ ստանալով հարևան երկրների աջակցությունը: Ցավոք, հենց մեր անդամակցության սկզբից՝ 2005 թվականից, այնպես ստացվեց, որ Հայաստանի եվրոպական շարժումը ոչ միայն չի ստացել իր հարևանների աջակցությունը, այլև ստիպված է եղել ՄԵՇ շրջանակներում պատասխանել սկզբում թուրքերի, իսկ հետո նաև ազերիների հայտարարություններին:
Դրանք բնականաբար ունեին աշխարհաքաղաքական հարցերում սադրանքներ կազմակերպելու նպատակ: Օրինակ, 2008 թվականին, Թուրքիայի եվրոպական շարժման նախագահ Հալուկ Գյունուգյուրը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ փորձելով միջազգային հնչեղություն տալ այն փաստին, որ թուրք դիտորդներին (որոնց մեջ էր նաև ինքը՝ Պրն. Գյունուգյուրը) Հայաստանը թույլ չի տվել մասնակցել դիտորդական առաքելությանը: Մենք բնականաբար ներկայացրեցինք Հայաստանի տեսակետները, սակայն այդ վեճը տևեց մեկ տարուց ավել՝ խորանալով դեպի հայ-թուրքական ընդհանուր հարաբերությունների, Ցեղասպանության ճանաչման խնդրներ և այլն և այլն: Եվրոպացի տարբեր տրամաչափի գործիչներ հետևում էին այս հասարակական դիսկուրսին:
Այս դեպքերի արդյունքում Թուրքիայի եվրոպական շարժման նախագահը՝ լինելով բավականին հայտնի հրապարակախոս, խայտառակ արեց ինքն իրեն և հրաժարվեց իր պաշտոնից: Նմանատիպ վեճեր և քննարկումներ տեղի ունեցան նաև ՄԵՇ-ին ավելի ուշ անդամակցած ադրբեջանցիների հետ: Ի դեպ, այդ շրջանի Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդները այս պահին քաղաքական ապաստարան են հայցել Բելգիայում և Շվեցարիայում՝ սեփական երկրում իրենց հավաստմամբ քաղաքական հետապնդումների զոհ դառնալու արդյունքում:
Այս և այլ դեպքերի արդյունքում, մենք՝ իբրև Հայաստանի Եվրոպական շարժման ներկայացուցիչներ, ինչպես ասում են, «մեր կաշվի վրա» զգացինք, թե որքան կարևոր է տարածաշրջանային համերաշխությունը: Եվ մենք և թուրքերը և ազերիները, եթե լինեինք համերաշխ միմյանց նկատմամբ, կկարողանայինք հսկայական և փոխշահավետ ծրագրեր իրականացնել՝ նպաստելով մեր երկրների և ընդհանուր տարածաշրջանի զարգացմանը: Ահա այս անհատական փորձն էր, որ մեզ ստիպեց 2012-ին սկսել այսպես կոչված «Թիֆլիսյան գործընթացը»: Գործընթացի շրջանակներում մենք, ՄԵՇ աջակցությամբ, փորձում ենք ձևավորել փոխվստահության մթնոլորտ Հայաստանի, Ադրբեջանի և նաև Վրաստանի Եվրոպական շարժումներ միջև:
«Սաֆարովյան» դեպքերը ՄԵՇ բարձրագույն մարմիններում նույնպես քննարկման առարկա դարձան և հանդիսացան հավելյալ խթան, որպեսզի մենք խթանենք խաղաղությունը և համերաշխությունը: Ահա այս է այն միտքը, որի արդյունքում մենք տարեկան 2-3 անգամ կազմակերպում ենք հանդիպումներ տարածաշրջանի մակարդակով: Նախկին հանդիպումները անց են կացվել Թիֆլիսում, այժմ մենք շատ հաջող հանդիպում անցկացրեցինք Երևանում: Հաջորդ հանդիպումները, ըստ մեր պայմանավորվածության, տեղի կունենան Բաքվում, ապա նաև՝ Ստեփանակերտում: Բնականաբար, եթե դա տեխնիկապես հնարավոր լինի իրականացնել:
Այցը բավականին մեծ աղմուկի պատճառ դարձավ ոչ միայն մամլո ասուլիսի արդյունքում, այլև ադրբեջանական մամուլում սկսվեց լուրջ քննարկում Youtube-ում հատնված մի տեսանյութի վերաբերյալ, որտեղ Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդը պարում է հայկական ակումբում:
Մենք ծանոթ ենք Ադրբեջանի քննարկումներին այս հարցի կապակցությամբ և այդ քննարկումները գնալով թեժանում են՝ հաճախ հասնելով վիրավորանքների:
Չեմ զարմանում, արդեն 20 տարի է, ինչ ադրբեջանական պետությունը՝ լեգիտիմացնելով միապետական բարքերը, կոռուպցիան և պետության արտաքին քաղաքականության ձախողման երևույթները, գիշեր-ցերեկ զբաղված է հակահայկական քարոզչությամբ և բնական է, որ երևանյան այդ միջադեպը աղմուկ պետք է բարձրացներ հենց Բաքվում: Եթե ուշադիր եք, Հայաստանում այդ դեպքի կապակցությամբ որևէ բողոք չկա: Մարդիկ այդ ամենի մասին տեղեկանալով՝ միգուցե զարմանան, որոշները միգուցե քննադատեն, բայց մեծամասնությունը այնուամենայնիվ դրանում որևէ հանցանք չի տեսնում: Եվ դա բնական է:
Նա, ով հասկանում է, թե ինչ է պատերազմը, նա ով հասկանում է, թե ինչ է շրջափակումը, աղքատությունը, սոցիալական լարվածությունը, երբեք իրեն թույլ չի տա հայհոյել խաղաղությանը միտված գործողությունները: Իսկ արկածախնդիրները և «տաքարյունները» կարող են ասել ամեն ինչ ու հաջորդ իսկ պահին դավաճանել հայրենիքը: Իմ համոզմամբ, ատելությամբ լցված զինվորը, մարզիկը, հասարակությունը և առհասարակ մարդը երբեք չի կարող տոնել հաղթանակ: Ուժեղները երբեք չեն բամբասում, երբեք չեն հայհոյում և չեն ատում: Դա հատուկ է թշվառներին և տկարներին: Ադրբեջանում որոշ ուժեր նույնիսկ խոստացել են բռնություն կիրառել իմ գործընկերների նկատմամբ: Սա իհարկե տկարության և տխմարության դրսևորում է: Տկարության դրսևորում է նաև այս ուժերի կարծիքին տեղի տալը և արդարացումներ ներկայացնելը, որոնք կարող են, մեղմ ասած, դուրս գտնվել թույլատրելի չափերից:
Ո՞րն է այս ծրագրի ապագան:
Ծրագիր որպես այդպիսին չկա, մենք այս ամենը կազմակերպում ենք անձնական նվիրվածությամբ և միջոցներով՝ հույս ունենալով, որ ապագայայում մեզ կմիանան ավելի մեծ զանգվածներ և ի վերջո մենք 20-30 տարի հետո կհպարտանանք կայուն և բարեկեցիք հայրենիքով, ինչը ըստ իս անհնար է պատերազմող և ատելությամբ լցված տարածաշրջանում: