Վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում հայտնվեցին քննարկումներ ու քննադատություններ նաեւ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի վերաբերյալ: Քննադատությունները հնչում էին հատկապես ժյուրիի անդամների շուրջ, թե նրանք երբեմն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում՝ երաժշտական նախագծից դուրս թողնելով տաղանդավոր երիտասարդների, որոնք կարող են փայլուն ապագա ունենալ երաժշտության ասպարեզում:

 

Այս հարցի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է երաժիշտ Արթուր Իսպիրյանի հետ:

 

«Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին խոսք լինել չի կարող, եթե այնտեղ ժյուրիի կազմում են Հայկոն եւ հատկապես Շուշանը: Նրանք երկուսն էլ շատ լավ տեղեկացված են եւ շատ լավ անում են իրենց գործը: Մյուս անդամներին էլ բան չեմ կարող ասել, բայց Շուշանը այս հարցում, կարող եմ ասել, անփոխարինելի է անում իր գործը»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

 

Երաժիշտը անդրադարձավ նաեւ Շուշան Պետրոսյանի խորհրդարանական աշխատանքին եւ ի տարբերություն «Հայաստանի ձայնը» նախագծի՝ ոչ դրական գնահատեց նրա գործունեությունը՝ առանձնակի ընդգծելով, որ Շուշան Պետրոսյանը շատ ավելի լավն է երաժշտության ոլորտում, թեկուզեւ հիշյալ նախագծում, քան խորհրդարանում:

 

«Շուշանը փորձ չունի քաղաքականությունում, լինելով շատ մտերիմ ընկեր եւ բարեկամ՝ ես ասում եմ, որ քաղաքականության մեջ փորձ չունի, եւ չեմ կարծում, որ խորհրդարանը Շուշանի տեղն էր, երաժշտության ասպարեզում է իր տեղը... Շուշան Պետրոսյանի գործը երաժշտությունն է, քան քաղաքականությունը: Չեմ լսել, ճիշտն ասած, նրա առաջարկությունները, լուծումները, շատ հնարավոր է նաեւ, որ բաց եմ թողել, բայց որ ասեմ, այդպիսի ցայտուն աչքի ընկնող ելույթներ լինեին, բաց չէի թողնի: Շուշանին մենք ընդունում ու սիրում ենք երաժշտության մեջ, նա քաղաքականության համար չէ»,- ասաց Ա. Իսպիրյանը: