Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքները:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

 

«Ես ցանկանում եմ բարձրացնել մի շատ կարևոր հարց, որը վերաբերում է Ազգային ժողովի հեղինակությանը: ԱԺ պատագամավորների գործունեության կարևոր երաշխիքներից մեկն այն է, որ օրենքով մեզ տրված են հնարավորություններ հանդիպելու պետական պաշտոնյաների հետ, այցելելու ձերբակալվածներին, կալանավորվածներին և այլն: Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին, - ասաց Լևոն Զուրաբյանը՝ օրինակ բերելով Նիկոլ Փաշինյանի և իր հետ տեղի ունեցած դեպքերը:

 

Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, և ինձ նույնպես թույլ չեն տվել հանդիպել Արաբկիրի ոստիկանապետ Ամիրխանյան Գրիշայի հետ, ինչը հավաստիացումներ տվեց, որ դա կանի համաձայն օրենքի: Ես ուզում եմ հասկանալ' Ազգային ժողովի նախագահն ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ապահովի պատգամավորական այս գոծունեության սահմանադրական երաշխիքները» - հարցրեց Զուրաբյանը:

 

Վերջինիս ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել, որ օրենքը պահպանվի, և ես առաջարկում եմ ձեզ ավելի մանրամասն ներկայացնել։ Ես անձամբ գերատեսչությունների ղեկավարների հետ կխոսեմ և կփորձեմ ճշտել, թե ինչու չեն հանդիպել, եթե օրենքը դա պարտադրում է»: