Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.
Այսօր ենթահանձնաժողովների եզրակացությունները հրապարակեց Հանրային խորհուրդը։
Ներկայացված փաստաթղթում հանրային խորհուրդը կառավարությանը նաեւ առաջարկում է վերանայել համալիրը պատմության և այն մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու հարցը։
Քննարկմանը ներկա քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը համակարծիք չէ հանրային խորհրդի այսօրվա որոշմանը։ Ըստ նրա՝ Զվարթնոցի հին շենքը քանդելն անհրաժեշտություն է։ Իսկ թե համարժեք ինչ կկառուցվի հին շենքի տեղում, հարցը Արտյոմ Մովսիսյանը համարում է ոչ տեղին։ Նոր օդանավակայանը արդեն լրացրել է բացը։
Հանրային խորհրդի առաջարկներն այսօր 20 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեցին: Խմբագրական որոշ փոփոխություններից հետո փաստաթուղթը կուղարկվի կառավարություն, որտեղ էլ կորոշեն Զվարթնոցի հին շենքի վերջնական ճակատագիրը։
***
Այս օրերին ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքում We support Vardan Petrosyan անվամբ էջ է բացվել, որի հեղինակաները ստորագրահավաք են կազմակերպում պահանջելով'
Մենք' ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված կալանքը' որպես խափանման միջոց, վերացվի, քանի որ համարում ենք, որ այն ապօրինի է: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք փաստացի չի ապացուցվել: Այն է.
135. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է'
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը' քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Ուստի պահանջում ենք խափանման միջոցը վերացնել միչև Վարդան Պետրոսյանի լիարժեք ապաքինումը:
***
Մի խումբ արվեստագետներ նամակ են հղել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն, որը ներկայացնում ենք այստեղ:
***
Սայաթ Նովա 10 հասցեում լարված իրավիճակ է։ Բնակիչները կրկին պայքարում են ամիսներ առաջ պլանավորված շինարարության դեմ, որպեսզի այն ընթացք չստանա:
Բնակիչներից մեկը պառկել է բակում և թույլ չի տալիս, որպեսզի շինարարական տեխնիկան գործի դնեն։ Շինարարներն ու բնակիչները վիճում են:
***
Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Ես ցանկանում եմ բարձրացնել մի շատ կարևոր հարց, որը վերաբերում է Ազգային ժողովի հեղինակությանը: ԱԺ պատագամավորների գործունեության կարևոր երաշխիքներից մեկն այն է, որ օրենքով մեզ տրված են հնարավորություններ հանդիպելու պետական պաշտոնյաների հետ, այցելելու ձերբակալվածներին, կալանավորվածներին և այլն: Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին, - ասաց Լևոն Զուրաբյանը՝ օրինակ բերելով Նիկոլ Փաշինյանի և իր հետ տեղի ունեցած դեպքերը:
***
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրենքի նախագիծը:
Մինչ քվեարկությունը պատգամավորները հնչեցրին տարաբնույթ կարծիքներ օրենքի նախագծի վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անբարոյականություն է համարում այս օրենքին կողմ քվեարկելը, ինչից հետո Հովիկ Աբրահամյանը հորդորեց Փոստանջյանին արտահայտվել կոռեկտության սահմաններում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց իրենց խմբակցության որոշումը, ըստ որի' իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Մենք անընդունելի ենք համարում կոռուպցիայի մեջ թաղված երկրի ղեկավարների աշխատավարձերի բարձրացումը մի վիճակում, երբ ժողովրդի մեծամասնությունը գտնվում է աղքատության մեջ»:
Ալիկ Արզումանյանը ևս կոչ արեց որակումներ չտալ, և նշեց, որ օրենքի հետ կապված կան տարաձայնություններ, սակայն խոսքը 164 հազար մարդկանց աշխատավարձերի մասին է: «Այն 500-ը, որի թվին ենք մենք պատկանում, կարող են հոժարակամ հրաժարվել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ինքը կքվեարկի ձեռնպահ:
***
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու էին նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հեղափոխության ընթացքում ինքն ու Ռուբեն Հայրապետյանը գտնվում Ազատության հրապարակում: Ըստ պատգամավորի' իրենք այնտեղ պատահաբար են հայտնվել, և հեղափոխություն չեն ուզեցել անել, պարզապես նստած են եղել կողքի սրճարանում:
Վերջինս նաև անդրադարձավ Փակ շուկայի մոտ «Նախախորհրդարանի» կազմակերպած ակցիաներին «Ես «Նախախորհրադարանի» անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր Սիթիների համար, մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»,-ասաց նա։
Սամվել Ալեքսանյանի խոսքով' կարմիր գլխարկավորներն իր կողմակիցները չեն, ինքն ակցիայի հետ կապ չունի և ոչ ոքի էլ դրա համար գումար չի վճարում։ Խնդրեց ակցիային վերաբերող հարցերն ուղղել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, ով այս օրերին դարձել է պատգամավորի կողմնակիցը։
***
Քառօրյա նիստերի աշխատանքների ընթացքում քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Վերջինս իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու համար' որպես ՎՊ նախագահի:
«Նախորդ օրերին ես հանդիպել եմ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, և այդ հանդիպումների ընթացքում հնարավորություն ունեցել ենք բազմաթիվ հարցեր քննարկելու շատ ազատ և հանգիստ ռեժիմով»,-ասաց Զաքարյանը:
***
Նոյեմբերի 11-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Վանաձորի մի շարք դպրոցների, Եվրոպական քոլեջի, Պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի սաներին: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով երեխաներին խորհրդարանում, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, հիմնական գործառույթները:
Պարոն Դավթյանը երեխաներին պատմեց ԱԺ մշտական հանձանաժողովների աշխատանքի, գործառույթների, պատգամավորների գործունեության մասին եւ պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին: Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երևանում հանդես են եկել համերգով:
Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը:
***
Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն բազմահազար արարատցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին:
Ձեր ձայները, ձեր կամքի և քաղաքական գիտակցության դրսևորումը և, վերջապես, սեփական քաղաքի և պետության հանդեպ սրտացավությունն ու պատասխանատվությունն ինձ տալիս են ավելի մեծ եռանդ ու հավատ, որ մենք միասին ի զորու ենք լինելու շենացնել մեր երկիրը, վերականգնել մեր գյուղերն ու քաղաքները, կասեցնել արտագաղթը, Հայաստանում հաստատել արդարություն:
Դա պետք է անենք մենք բոլորս. ոչ ոք մեր փոխարեն մեր օջախի լույսը վառ չի պահելու:
***
ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը դատավորների ընդհանուր վարձատրության չափի նվազեցման մասին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը շահագրգռված է Հայաստանի Հանրապետությունում կայացած դատական համակարգ ունենալու հարցում, սույնով մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոնների զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կապակցությամբ, մասնավորապես այն մասերով, որոնք նախատեսում են նվազեցնել ոչ միայն դատավորներին վճարվելիք հավելավճարների ընդհանուր, այլ նաև՝ դրանց պարբերաբար աճի չափերը, ըստ այդմ՝ հանգեցնելով դատավորների ընդհանուր վարձատրության չափի նվազեցմանը:
***
Մասիսի բժշկական կենտրոնում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճվել է' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության հիմքով: ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում գործը կարճելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 2-ին:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԼՂՀ հանրապետական ՃՇՇ-ի տեխնիկան: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: