Սոցիալական կայքերում և մամուլում ամեն օր կարելի է տեսնել տարբեր տարիքի մարդկանց նկարներ, ովքեր այս կամ այն մահացու հիվանդությամբ տառապելով՝ հասարակության օգնությունն են հայցում: Նրանցից շատերը չգիտեն էլ, որ հարազատներն ու ընկերներն իրենց համար դրամահավաք են կազմակերպել, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում:
Հիվանդների մեջ քիչ չեն նրանք, ովքեր մինչ հիվանդությունը սոցիալապես անապահով խավի մեջ չէին մտնում, իսկ հիվանդությունից հետո վաճառել են իրենց տուն-տեղն ու փորձում են պայքարել հիվանդության դեմ: Շատ դեպքերում տան վաճառքից հավաքված գումարն էլ չի հերիքում հիվանդությունը հաղթահարելու համար, այդ պատճառով էլ նրանց հարազատները դիմում են հասարակության օգնությանը: Չեմ կարող ասել՝ քանի դեպքում է հասարակութունը օգնության ձեռք մեկնում, սակայն հստակ կարող եմ ասել, որ ամեն շաբաթ մահացու հիվանդությունից տառապող նոր դեմքեր են հայտնվում մամուլում ու սոցիալական ցանցերում:
Մի քանի տարի առաջ մեր ֆեյսբուքյան ընկեր Լուսինե Վայաչյանը, ով վարակված էր «Հեպատիտ C» հիվանդությամբ և իր հիվանդությունը թողած՝ ուրիշ հիվանդների համար էր դրամահավաք կազմակերպում, նշում էր, որ պետությունը որևէ կերպ աջակցություն չի ցուցաբերում հիվանդ մարդկանց: Տեսնելով, որ դրամական միջոց չունենալու պատճառով ինքն էլ չի բուժվի և դատապարտված է մահվան, Լուսինեն արտագաղթեց արտերկիր և քաղաքական ապաստան ստանալով Եվրոպական երկրներից մեկում՝ այժմ ձրի է ստանում անհրաժեշտ բուժումը: Թող որևէ մեկն իր հայրենասիրության աստճանը չհամեմատի ուրիշինի հետ և մարդկանց արտագաղթը քննարկելուց առաջ թող մի պահ նայի՝ արդյո՞ք այդ մարդիկ որևէ այլընտրանք ունեին:
Մանրամասներն` այստեղ: