ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Արգենտինայի Հանրապետություն' վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

 

Բրազիլիայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հետ: Նախատեսված է հանդիպում Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ: Սան Պաուլոյում ԱԺ նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի եւ Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Մոնտեվիդեոյում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի եւ Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոնտեվիդեոյում կհանդիպի Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի եւ Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: