2013թ. Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին: «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին իր նախագահական աթոռը շահեց հոկտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանում փետրվարի 18-ին, իսկ Իլհամ Ալիևը երրորդ ժամկետով շարունակում է ղեկավարել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում. գրում է բրիտանական The Economist պարբերականը «Արևելյան մոտեցումներ» բլոգում:

 

Լավ նորություն համարվում է այն, որ միջազգային դիտորդները «արդյունավետ և թափանցիկ» գնահատեցին Վրաստանի ընտրությունները, որոնք անցել են «բարեկամական և կառուցողական մթնոլորտում»: Սակայն վերջին սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի դերակատարությունն այս պահին ավելի քիչ է, քան վարչապետինը. ասվում է բլոգում:

 

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրորդ պլան կմղվի, երբ լքի պաշտոնը, և կկենտրոնանա քաղաքացիական հասարակության զարգացման վրա: Նա հերքում է, որ կուլիսներում կփորձի ազդել վարչապետի վրա: Այնուամենայնիվ, շատերը կասկածում են դրանում: Վրաստանում նոր քաղաքական «թագավորներ ստեղծողը» նաև ամենաառատաձեռն բարերարն է երկրում և խոշորագույն ներդրող. այս հանգամանքը չափազանց շատ իշխանություն է թողնում մեկ մարդու ձեռքում: Վերլուծաբանները նաև մտավախություն ունեն, որ հեռացող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հնարավոր ձերբակալությունը կհանգեցնի այն բանին, որ ապագայում եկող առաջնորդները չեն ցանկանա ցած դնել լիազորությունները իրենց ժամկետի ավարտին, ինչը կխաթարի երկրի եվրոպական ձգտումները:

 

Ընտրություններից մի քանի օր առաջ նախագահի թեկնածուի վրա կրակով և մյուսի հացադուլով սկսված Հայաստանի ընտրությունները լի էին դրամայով: Մի քանի ազդեցիկ ընդդիմադիր խմբեր որոշեցին չմասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով իշխող Հանրապետական կուսակցության կողմից հնարավոր կեղծումները: Միջազգային դիտորդները նկատել են «բարձր մասնակցության և նախագահի օգտին ձայների միջև շատ բարձր կորելացիա», ինչը նրանց կասկածելի է թվացել: Ընդդիմության ակտիվիստներն իրենց հերթին հայտնում էին լցոնումների, ընտրողներին կաշառելու և այլ խախտումների միջև:

 

2012թ. խորհրդարանական ընտրություններում և այս տարի Երևանի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակից հետո նրա գերիշխանությունն ավելի շատ անտարբերություն առաջացրեց, քան զայրույթ:

 

Հասարակական դժգոհությունը շարունակվում է, ինչպես ցույց են տալիս վերջին օրերին և ամբողջ ամռան ընթացքում շարունակվող ցույցերը: Սակայն բախվելով զանգվածային գործազրկության և կոռուպցիայի հետ' շատ հայեր նախընտրում են «քվեարկել ոտքերով» և արտագաղթել:
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ավելի շատ առիթներ տվեցին անհանգստության համար: Նախընտրական շրջանում ակնհայտ էր, որ կառավարությանը քննադատողների վրա պարբերաբար ճնշումներ են կիրառվում:

 

Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն, ԵԱՀԿ-ի դիտորդները նկատել էին «լուրջ խնդիրներ» ընտրությունների բոլոր փուլերում, մասնավորապես' ձայները հաշվելու ընթացքում: Այնուամենայնիվ, զարմանալի է, որ մյուս 49 դիտորդական խմբերը դրական գնահատեցին ընտրությունները:

 

Հարցն այն է, թե ում կարելի է վստահել: Ադրբեջանը արտասահմանյան հեղինակավոր հաստատություններին գրավելու փորձ ունի: Չհաշվելով որոշ նկատելի բացառություններ՝ նրանցից շատ քչերն են փորձել համոզել Բաքվին փորձել իր մեթոդները: