«Վարդերի հեղափոխության» հեղինակը քաղաքական դաշտից կհեռանա անհայտ ուղղությամբ։ Georgian Times-ը փորձել է պարզել, թե ի՞նչ կարող է սպառնալ Վրաստանի՝ արդեն նախորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

 

Գործ №1. Ապրասիձեի գործ. 2004 թ.-ին 1000 հատուկջոկատայինների և դիպուկահարների հետ համատեղ տեղի ունեցավ նախապես պլանավորված արյունալի առաքելությունը։

 

Հատուկ գործողությունը, որը տեղի էր ունեցել Մեսթիայում՝ Ապրասիձե ընտանիքի դեմ, պաշտոնյաները գնահատեցին որպես հաջող քայլ, իսկ ընտանիքի ոչնչացումը Սաակաշվիլին փաստացի իր վրա վերցրեց՝ տալով խոստովանական ցուցմունք.

 

«Ես ցանկանում եմ հաստատել, որ տվել եմ բանդիտներին ոչնչացնելու հրաման։ Նրանք իշխում էին Մեսթիայում, և ես մեկ վայրկյան անգամ չեմ ափսոսում դրա համար։ Այդ բանդան վերահսկում էր ողջ Սվանեթին, նրանք ամրապնդվել էին խորհրդային ժամանակներից, և իմ հրահանգով նրանց վրա ուղղաթիռներից կրակ է բացվել, և դա ճիշտ որոշում էր»,-ասել է Սաակաշվիլին։

 

Գործ №2 Նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի կասկածելի մահը

 

Իշխանափոխությունից հետո Զուրաբ Ժվանիայի մահվան նոր վարկած առաջ եկավ։ Գլխավոր դատախազության տեղեկություններով՝ նախկին վարչապետը դժբախտ պատահարի զոհ չի դարձել։

 

Գործ №3 Ակադեմիկոս Գուրամ Շարաձեի սպանությունը

 

Գուրամ Շարաձեի դուստրը՝ Ռուսուդան Շարաձեն, Սաակաշվիլիին համարում է իր հոր սպանության պատվիրատուն, իսկ այն իրագործողը նրա թիմակիցներն են եղել։ Կան հիմքեր գիտնականի սպանության գործը վերաքննելու համար։

 

Գործ №4 Զենքի անօրինական առևտուր

 

Սաակաշվիլիի համար ճակատագրական կարող է լինել Ֆրանսիայի կառավարության կողմից ձերբակալված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Կեզերաշվիլիի գործը, ում անունը շրջանառվում է զենքի մաքսանենգության միջազգային սկանդալում։

 

Եթե նախկին նախարարի դեմ մեղադրանքները հաստատվեն, Սաակաշվիլին միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ստիպված կլինի հաշվետվություն տալ, թե ինչ ճանապարհներով է իր ղեկավարության տարիներին Վրաստանի տարածքով մաքսանենգ զենքը հայտնվել այն շուկաներում, որտեղից այն հեշտությամբ կարող էր ահաբեկչական խմբավորումների ձեռքն ընկնել։

 

Գործ №5 Քանի որ Սաակաշվիլիի իրականացրած հանցագործությունները վրաց ժողովրդի դեմ գերազանցում են 5-ը, ապա այս գործում կարող են միավորվել բոլոր այն որոշումները, որոնք մարդկությունից դուրս էին, հետապնդում էին կուսակցական շահեր և որոնց պատճառով ճաղերի ետևում են հայտնվել հազարավոր մարդիկ։