Ես հաճախ եմ ասում, որ առաջադիմություն՝ նշանակում է մարդկային կյանքի հասկացողություն Աստծու մտադրության մեջ: Մենք չենք ստեղծվել աննպատակ, մենք ստեղծվել ենք, որպեսզի ուրախության մեջ կատարելապես պայծառանանք: Բայց երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը, երջանկության տիրանալ՝ նշանակում է դուրս գալ եսից, գնալ դեպի ուրիշները:
Այս իմաստով, ոչ-արտոնյալների, կարիքավորների հանդեպ պատասխանատվությունը, իմ կարծիքով, մաս է կազմում մարդկության հոգևոր առաջընթացին: Այն առաջընթացը, որը հոգեկանությամբ չի ներթափանցված, այն առաջընթացը, երբ մարդիկ իրենց ապրելակերպը չեն կիսում նրանց հետ, որոնց մարդկային արժանապատվությունը ծաղրուծանակի է ենթարկվում, ովքեր ճնշված են ու կեղեքված, իրական առաջընթաց չէ:
Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ բոլոր կրոնների նպատակը մարդուն երջանկություն պարգևելն է: Այսօր միանգամայն հրատապ ու անհրաժեշտ է, որ բոլոր կրոնների հավատացյալներն ունկնդիր լինեն ամենքի համար ընդհանուր այդ կոչմանը և միասնաբար աշխատեն դրա իրագործման համար: Երջանկության երբեք հնարավոր չէ հասնել բախումների, հակամարտության, թշնամանքի կամ ատելության դիրքերից:
Ընդհակառակը, երջանկության գաղտնիքը փոխադարձ հարգանքի ու սիրո մեջ է: Որպեսզի հաղթահարվեն մահաբեր այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք առճակատումներն են, ազգային, քաղաքական, տնտեսական ու այլ բախումները, անհրաժեշտ է, որ աշխարհի բոլոր հավատացյալները միահամուռ պարտավորություն վերցնեն խաղաղություն հաստատելու համար:
Գարեգին Ա