Փայլակ Հայրապետյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում փոխանցեց, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը։
Նախկին միլիոնատիրոջ խոսքով, իրենից վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը:
«Հիմա ես վարձով եմ մնում», - պատմեց Հայրապետյանը:
Անցած տարի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման փաստով, իսկ արդեն այս տարի էլ խոշոր չափերի խարդախություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցել գործարար Աշոտ Սուքիասյանի դեմ, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ:
«Հետք» պարբերականը լրագրողական հետաքննություն էր անցկացրել՝ գրելով, որ Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերի մեջ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և այժմ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը: Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը հերքել են, թե որևէ կապ ունեն օֆշորում գրանցված այդ կազմակերպության հետ:
Իսկ թե ինչպես է ստացվել, որ նրանք հայտնվել են այդ ընկերության բաժնետերերի ցանկում, այժմ հետաքննում է ոստիկանությունը: Ինչպես «Ազատությանը» փոխանցել էին ոստիկանությունից այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետները պետք է պարզեն, արդյոք օֆշորային այդ կազմակերպության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանում են վարչապետին, արքեպիսկոպոսին, թե մեկ այլ անձի:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: