Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկու երկրների նախագահները այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Այդ ընթացքում Երևանի կենտրոնում մեծաքանակ հանրահավաք էր, որի մասնակիցները դեմ էին Վլադիմիր Պուտինի այցի փաստին և հատկապես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս և այլ հարցերի շուրջ Lurer.com-ի թղթակիցը զրուցեց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի հետ:
«Հայ ժողովուրդը թող հանգիստ լինի. մեր ԶՈւ-ն մարտունակ և զինված է, հայոց բանակը իսկապես կատարելագործված բանակ է' շնորհիվ մեր գեներալների, սպաների, ովքեր այն դրեցին ամուր հիմքերի վրա: Մեր ժողովուրդը իր բանակի վրա պետք է վստահ լինի»,- խոսելով հայկական բանակի մասին' ասաց գեներալ-լեյտենանտը:
Ինչ վերաբերում է Պուտինի այցին, հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլին, Մուրազ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի այնպիսի հզոր պետության հետ, ինչպիսին Ռուսաստանն է:
-Ո՞ւմ եք ուզում, որ մեր կողքին լինի, ես չեմ հասկանում: Հիշեք Իսրայել Օրու պատմությունը: Որպես զինվորական եմ ասում, մենք բոլորս հպարտ պետք է լինենք, որ մեր կողքին, մեր թիկունքին կա այդպիսի հզոր պետություն:
-Մեր դաշնակից պետությունը զենք է վաճառել թշնամի երկրին: Ի՞նչ կասեք այս փաստի մասին:
-Ի՞նչ է եղել... ոչ մեկը չգիտի դրա խորը իմաստը: Հա’, վաճառել է, ի՞նչ անենք. հիմա մեզ էլ է վաճառում, իրենց էլ, մյուսներին էլ:
Հարցրեցինք նաև, թե ինչքանով է, ըստ իրեն, մեր երկրի համար նպատակահարմար մտնել Մաքսային միության կազմի մեջ: Պատասխանը հետևյալն էր.
-Այո’, անկախությունը լավ բան է, բայց բոլորն էլ իրենց ընկերությունով, միասնականությամբ են գոյատևում: Գյուղ կանգնի, գերան կկոտրի: Ինչքան միասնական լինենք' ուրիշ պետությունների հետ համագործակցենք, ի շահ կլինի մեր պետությանը:
Ես քաղաքագետ չեմ, ես վերլուծաբան չեմ: Ես զինվորական եմ: Գիտեմ միայն մի բան' միայնակ' պատերազմում չես հաղթի: Ինչքան մենք ընդհանուր գաղափարներով ամուր լինենք, միասնական լինենք, ավելի լավ կլինի:
Այդ կառույցի մեջ մտնելը կարո՞ղ է մեկ հոգու որոշում լինել...Ո'չ, դա վերլուծված է. կան մասնագետներ, փորձագետներ:
-Պուտինի այցի ընթացքում Երևանում բազմաքանակ հանրահավաք էր, որի մասնակիցները դեմ էին արտահայտվում Մաքսային միությանը, ի՞նչ տեսակետ ունեք այս առթիվ.
-Ես ատում եմ հանրահավաքները, չեմ մասնակցել երբեք: Երիտասրադությանը պետք է բացատրվի' հավաքը ում համար է: Եվրոպան ո՞ւմ է ինչ տվել, որ իրենց տա: Ո՞վ է ասում' ԵՄ-ի հետ բարեկամություն մի’ արեք: Մեզ ո՞վ է խանգարում: Ա’յ ցավդ տանեմ, մարդ պիտի դաշնակիցներ ունենա: Լայնացնենք մեր բարեկամների շրջանակը:
Գաղափար ունես' նստիր, քննարկիր, ունեցածդ գաղափարը տուր: Ո՞ր հեղաշրջումն է բարիք բերել իր երկրի համար: 20-50 տարով պետությունը հետ է գցում, կործանում է: Միևնույն է' պատերազմից հետո էլ նստում են, բանակցում են: Երկու տղամարդ, որ փողոցում կռվում են, էլի մեկը գալիս է, բարիշացնում է: Գիտեք' ինչ. մենք և’ լավ ազգ ենք, և’ վատ: Մենք բոլորս քննադատ ենք: Եկեք ամեն մեկս ինքներս մեզ քննադատենք: Ամեն մեկը պետք է ձգտի աշխատել, այլ ոչ թե քայքայել, մի գործ վերցնել անել: Այդ միտինգավորները թող գնան մի գյուղում ծառ տնկեն, կով պահեն, գյուղը ոտքի կանգնեցնեն: Գյուղերը քայքայվում են: Ո՞ւմ ենք մենք բողոքում: Ինչու՞, Հյաաստանում հողամասեր չկա՞ն մշակելու: Այնքան հողամասեր կան... Գնացեք մշակե’ք, աշխատե’ք: Հո նեղանալ գնալով չէ: Մենք չե՞նք նեղանում:
Նշենք նաև, որ այն միջոցառման ընթացքում, որտեղ էլ հանդիպել էինք Մուրազ Սարգսյանին, պատվոգիր շնորհվեց նրան' հայոց բանակաշինության մեջ ներդրած ավանդի համար:
Ն. Ա.