Հայկական արտադրության առաջին պլանշետի և առաջին հեռախոսի ներկայացումից հետո հասարակության որոշ շերտերում առաջացել է տարակուսանք, թե սարքերի ո՞ր մասն է արտադրվում Հայաստանում, և ի՞նչն է «հայկական»:

 

Հիշեցնենք, որ կառավարությունում օրերս տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստ, որում ներկայացվել էին հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone), և ինչպես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր՝ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Հաղորդագրությունում ասվում էր, որ պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը' ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

 

Tert.am-ի հետ զրույցում ընկերության նախագահ Վահան Շաքարյանը, ի պատասխան հարցի, թե պլանշետում «հայկականը» ո՞ր բաղադրիչն է, նշեց. «Հայաստանում օգտագործվում են մեր ինժեներների ինտելեկտուալ հնարավորությունները՝ ծրագրային ապահովումն է արվում, իսկ գալիք տարվա հունվարից հավաքումը՝ assembling-ը, նույնպես կլինի Հայաստանում»:

 

Ի պատասխան դիտարկման, թե սարքերը աշխատում են Android-ով, Վահան Շաքարյանը պարզաբանեց, որ նկատի ունի, որ այդ ծրագիրը ցանկացած ինժեներական խումբ կարող է վերծանել և դրա վրա համապատասխան փոփոխություններ անել:

 

«Վրան անում ենք մեր interface-ը, որը հնարավորություն է տալիս օրինակ՝ փոփոխել լեզուն, համապատասխանեցնել, ստեղծել համապատասխան application-ներ, որոնք կաշխատեն հայերենով»,-նկատեց ընկերության ներկայացուցիչը:

 

Ի պատասխան հարցի, թե կլինե՞ն առանձին մասեր, որոնք կարտադրվեն Հայաստանում, Վահան Շաքարյանն ասաց. «Բաղադրամասերը գնում ենք տարբեր ընկերություններից, որոնք գտնվում են Հոնկոնգում, Թաիլանդում, ներմուծվում են Հայաստան և պիտի հավաքվեն այստեղ: Հավաքումը՝ assembling-ը, որը շուտով պիտի լինի Հայաստանում, նույնպես արտադրանք է: Այսօրվա վիճակով ունենք ընդամենը հինգ հավաքված պլանշետ: Արտադրությունը դեռ Հայաստանում չկա»:

 

Ընկերության նախագահը նշեց, որ ներկայում աշխատում են ՏՏ ոլորտի մի քանի խմբերի հետ, որպեսզի մանրամասն ծրագիր մշակեն' գալիք տարվա հունվարից վերջնական արտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար: Նա ընդգծեց, որ սարքերի հավաքման համար գումարները, որ պետք է տային այլ երկրների մասնագետներին՝ չինացիներին, հնդիկներին և այլն, արդեն կմնան Հայաստանում:

 

Վահան Շաքարյանն անդրադարձավ հայկական պլանշետի քաղաքական էֆեկտին. «Ամենամեծ քաղաքական էֆեկտն այն է, որ հայկական էկոնոմիկան ունենալու է նոր աշխատատեղեր: Որ մեր՝ Հայաստանում եղած ինտելեկտը չթողնենք գնա, փախչի Չինաստան, ԱՄՆ կամ Հոնկոնգ: Սկզբնական պլանավորում ենք 25-50 աշխատատեղ»:

 

Ի լրումն վերոնշյալի, ինչպես նշեց Վահան Շաքարյանը, կազմակերպությունը' որպես իրավաբանական անձ, արդեն գրանցված է, ունի բանկային հաշիվ:

 

Tert.am-ը Technology and Science Dynamics Inc․ ընկերության կայքից պարզեց, որ այն տեղակայված է ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում և Երևանում և կապված է ավելի քան 15 միջազգային հետազոտական և զարգացման կենտրոնների հետ:

 

Ընկերության կայքում ներկայացված է նմանատիպ արտադրանք՝ Minno անվամբ պլանշետը և Minno սմարթֆոնը: Պլանշետների տեխնիկական բնութագրում նշվում է, որ դրանք հասանելի են մի քանի չափերով՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմ: Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ այդ չափերն են ունենալու նաև Armtab պլանշետները: Տեխնիկական այլ բնութագրեր՝ ցանցին միանալու հնարավորությունները, օպերացիոն համակարգը, նույնպես համընկնում են, ինչպես նաև նկարներում կարելի է համեմատել ներկայացված մոդելների արտաքին տեսքը:

 

Ի դեպ' Minno ապրանքանիշի սարքեր չհաջողվեց գտնել amazon.com կամ ebay.com առցանց խանութներում, սակայն հնարավոր է դրանք պատվիրել Technology and Science Dynamics Inc. ընկերության կայքում: