Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գալիք տարի Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրանալու հավանականություն առայժմ՝ չի տեսնում և գտնում է, որ չնայած հասարակության մոտ դանակը ոսկորին հասել և գուցե մի բան էլ՝ անցել է, բայց այս պահին հայ ազգի վերաբերմունքի ամենավառ դրսևորումն արտագաղթն է:
«Ցանկացած միավորում պետք է լինի շատ կոնկրետ երևույթի շուրջ: Իհարկե՝ այսօր անցկացվող ցույցերն էլ շատ կոնկրետ երևույթների շուրջ են, բայց դա շատ քիչ է, քանի որ այդ երևույթները դեռ այն հասարակական ծանրությունը չեն, որը կարող է դառնալ այդ լակմուսի թուղթը կամ՝ միավորման առիթը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ, այդուհանդերձ, ինքը չի բացառում այդ միավորումը, ավելին՝ խիստ հավանական է համարում:
Ազգագրագետը չի կարծում, որ այս ձմռանը երկրում նոր վիճակ կլինի. «Չնայած մեկը մյուսից ծանր, խնդրահարույց որոշումներ են հաջորդում իրար կառավարության կողմից, և օրենքներ են ընդունվում Ազգային ժողովում, բայց ես չեմ կարծում, որ դրանք բուռն հակազդեցության առիթ են դառնալու»:
Նրա խոսքով՝ արտագաղթը բավականաչափ գոլորշի բաց թողնող երևույթ է, և միակ բանն է, որը մեծ հաշվով՝ կառավարության հույսն է:
«Վերջին հաշվով՝ մեր համախառն ներքին արդյունքի մոտ 30%-ը ձևավորվում է դրսում աշխատողների տրանսֆերներից: Տվյալ դեպքում՝ արտագաղթը շատ ցանկալի բան է մեր իշխանությունների համար թե՛ քաղաքական ըմբոստությունը մեղմելու, թե՛ տնտեսությունն աշխուժացնելու իմաստով»,-ասաց Հրանուշ Խառատյանը:
Նա Ուկրաինայում բարձրացված բողոքի ալիքի հետ զուգահեռներ անցկացնելու իմաստ չի տեսնում. «Ուկրաինան փակ տարածք չէ, բավական ազատ է իր ընտրություններում, այն Հայաստան չէ´, որը կարող է շրջափակման մեջ լինել, երկու կողմից ագրեսիվ հարևաններ չունի, և մեր ժողովրդի զգուշությունն զգալի չափով պայմանավորված է նաև՝ Հայաստանի պատմաաշխարհագրական դիրքով»: