Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ արտահերթ զեկույց էր հրապարակել: Նա անդրադարձել էր համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին, ինչպես նաև՝ նշել դատական կաշառքի սակագները՝ հիմնվելով ոլորտի 120 մասնագետների հետ արված հարցազրույցների վրա՝ երաշխավորելով աղբյուրի գաղտնիությունը:

 

Կարեն Անդրեասյանի գործունեության, այս զեկույցի ու դրա ընդունելի կամ՝ ո´չ ընդունելի մեթոդաբանության մասին Tert.am-ը զրուցեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Կենտրոնական Ասիայում, ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ:

 

«Լավ գործ է արվել ու ճիշտ հարց է բարձրացվել, բայց, փաստորեն, գաղտնի տեղեկությունների վրա հիմնված լինելով՝ իրենց լավ գործը իրենց ձեռքով փչացրել են»,-ասաց Արմեն Հարությունյանը:

 

Նա նշեց, որ կոռուպցիան ավելի մեծ խնդիր է, միայն դատական համակարգի խնդիրը չէ, այդպես ձևակերպելը մի քիչ վտանգավոր է, քանի որ խախտում ես բոլոր դատավորների իրավունքները, պետք է խնդիրն ավելի ինստիտուցիոնալ ներկայացնել, քան՝ անձնավորված:

 

-Որպես ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ ի՞նչ կարծիքի եք գործող պաշտպանի գործունեության և, մասնավորապես, ՄԻՊ գրասենյակի կողմից հրապարակված վերջին զեկույցի մասին:

 

-Կարեն Անդրեասյանի գործունեության մասին կարծիք չեմ կարող կազմել հեռվից, որովհետև արդեն 3 տարի է՝ Հայաստանում չեմ: Ընդհանուր գործունեության մասին գնահատական տալը ճիշտ էլ չի լինի, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է դատական համակարգի խնդիրների մասին բարձրաձայնելը և հատուկ զեկույց գրելը:

 

-Ընդունելի՞ գործելաոճ է կաշառքի չափերի սանդղակի հրապարակումը:

 

-Իրականում՝ կոռուպցիան ավելի մեծ խնդիր է, այդպես ձևակերպելը մի քիչ վտանգավոր է, քանի որ խախտում ես բոլոր դատավորների իրավունքները: Փաստորեն՝ բոլոր դատավորներին անուղղակի կարող են ասել՝ դուք այդ սանդղակով եք աշխատում: Պետք է զգույշ լինես, քանի որ անմեղության կանխավարկած գոյություն ունի: Բացի այդ՝ դա միայն դատական համակարգի խնդիրը չէ, խնդիրն ավելի լայն հարթության մեջ պետք է դիտարկել: Միայն դատական համակարգը չէ կոռուպցիայի հիմնադիրը: Ճիշտ կլինի՝ խնդիրն ավելի ինստիտուցիոնալ ներկայացնել, քան՝ անձնավորված:

 

- Զեկույցը հիմնված էր գաղտնի հարցումների արդյունքների վրա, սա ընդունվա՞ծ մեթոդ է:

 

-Սա մի քիչ վտանգավոր մոտեցում է, որովհետև այդ ձևով աշխատում է դեղին մամուլը , պետք է զգույշ լինեն: Այդ ձևով ում մասին ինչ ուզես՝ կարող ես գրել՝ մենք հարցում ենք արել, պարզել ենք, բայց գաղտնի ենք պահում այդ տեղեկատվությունը տվող մարդկանց անունները: Զեկույցը նրա համար է, որ խնդիրը լուծի, ո´չ թե խախտի մարդկանց իրավունքները: Կարծում եմ՝ սա ճիշտ մեթոդաբանություն չէ, նսեմացնում է խնդիրը և տանում անձնական հարթություն:

 

-Ընդհանրապես՝ այս և նման զեկույցների իմաստը ո՞րն է, ի՞նչ խնդիրների լուծմանն են դրանք միտված :

 

Զեկույցի իմաստն այն է, որ ոլորտի խնդիրը ինստիտուցիոնալ ձևով բարձրացվի և օգնություն առաջարկվի: Երբ ես Հաաստանում մարդու իրավունքների պաշտպանն էի, 2008թ-ին, խոսելով համակարգի ռեպրեսիվ լինելու մասին, մենք ամբողջն էինք այդպիսին համարում, ոչ թե, օրինակ, ոստիկանությունը կամ՝ մի այլ մարմին: Պետք է ինստիտուցիոնալ ձևով խնդիրը բարձրացնես և դրա հետ կապված՝ ուղղություն ցույց տաս: Մենք նաև՝ հատուկ զեկույց էինք պատրաստել դատարանների մասին: Բայց մենք վերցրել էինք Վճառբեկ դատարանի որոշումներն ու համեմատել դրանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ ցույց տալով, թե դրանք որքանով չեն համապատասխանում իրար: Այսինքն՝ որոշումների անհամապատասխանությունն էինք ներկայացրել որպես պրոբլեմ, այլ ոչ թե՝ անձնավորված դատավորների հետ կապված խնդիրը: Միաժամանակ՝ դա նաև օգնություն էր դատավորների համար, նրանք կարող էին վերցնել ու կարդալ նախադեպային իրավունքը:
Լավ գործ է արվել ու ճիշտ հարց է բարձրացվել, բայց, փաստորեն, գաղտնի տեղեկությունների վրա հիմնված լինելով՝ իրենց լավ գործը իրենց ձեռքով փչացրել են:

 

Նման զեկույցների հիմքում պետք է լինի այն փիլիսոփայությունը, որ ուժ կա՝ մարդուն ծնկի է բերում, ուժ էլ կա՝ ծնկից ոտքի է կանգնեցնում: Քննադատությունը պետք է նպաստի տվյալ ինստիտուցիոնալ համակարգին օգնելուն, ո´չ թե եղած վիճակը վատանցնելուն ու որևէ խնդիր չլուծելուն: Նման դեպքում պետք է զգույշ լինել ու ինստիտուցիոնալ հարթությունից անձնավորված հարթություն չմտնել: Միշտ մտածել մարդկանց մասին, ովքեր այդ համակարգում աշխատում են և խնդիրը ճիշտ ձևով ներկայացնել: