Վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի օրինագծի քննարկման ժամանակ

 

Ազգային ժողովի հարգարժան նախագահ,

 

Հարգելի պատգամավորներ,

 

թույլ տվեք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել քննարկումների համար, որոնք տեղի ունեցան Ազգային ժողովում: Հանձնաժողովները, պատգամավորները, շաբաթների ընթացքում հարցեր էին տալիս պետական բյուջեի վերաբերյալ, և մենք հնարավորություն ունեինք ներկայացնել պարզաբանումներ: Այս քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկություններ ընդունվեցին, իսկ տասնյակ առաջարկություններ դարձան քննարկումների առարկա և մոտակա ամիսներին լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Առաջարկությունների 27 տոկոսն է համարվում մերժված, և ձեր հաստատմանն է ներկայացվում լրամշակված օրենքի նախագիծը:

 

Հարգելի գործընկերներ, 2014 թվականի առանձնահատկությունները ներառված են պետական բյուջեի նախագծում, և ես կփորձեմ ներկայացնել մեր տեսակետները՝ հաշվի առնելով այն բուռն քննարկումները, որոնք տեղի ունեցան Ազգային ժողովում:

 

2014 թվականի առանձնահատկությունն առաջին հերթին այն է, որ մենք ձեզ հետ ձեռնամուխ ենք եղել միանալու Մաքսային միությանը:

 

Սա նշանակում է, որ մեզ սպասում է մեծածավալ աշխատանք՝ օրենսդրական փոփոխություններ, միջազգային պայմանագրերի վավերացում, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում, որը մեր կարծիքով կարող է էական և շոշափելի արդյունքներ ապահովել մեր տնտեսության զարգացման համար: Դուք տեղյակ եք, որ արդեն իսկ արդյունաբերական քաղաքականությունը, որ մենք ձեզ հետ ներդնում ենք Հայաստանի Հանրապետությունում, տալիս է շոշափելի արդյունքներ՝ դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոնյակագործության, գինեգործության ոլորտներում: Սրանք այն բնագավառներն են, որտեղ վերջին երեք տարիների ընթացքում արտահանման ծավալները երկնիշ աճի դրսևորում են մեզ ներկայացնում, և այս միտումները պահպանվելու են:

 

Անդամակցելով Մաքսային միությանը՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթև արդյունաբերության ոլորտում, և ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել երկու ոլորտների վերաբերյալ ծրագրեր: Առաջինը կոշկագործության ծրագիրն է, որը մշակվել է մասնավոր հատվածի հետ, և երկրորդը՝ տեքստիլ արդյունաբերության ծրագիրը, որը նույնպես մշակվել է մասնավոր հատվածի մասնակցությամբ և ֆինանսավորմամբ: Այս երկու ոլորտների զարգացումն արդեն իսկ հաշվի է առնում այն հանգամանքը, որ մենք Մաքսային միության տարածքներում կարող ենք վերականգնել արտահանման նախկինում եղած մեծ ցուցանիշները:

 

Հարգելի գործընկերներ, 2014 թվականի հաջորդ առաջնահերթությունը մեզ համար պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը:

 

Չնայած, որ այս բնագավառում վերջին տարիների ընթացքում մենք արձանագրել ենք որոշակի առաջընթաց, Համաշխարհային բանկի ռեյտինգով 188 երկրների շարքում զբաղեցնում ենք 37-րդ տեղը, բայց դա մեզ չի բավարարում, և երեք ուղղություններով 2014 թվականին այստեղ մենք ձեզ հետ անելիքներ ունենք: Առաջին հերթին հարկային և մաքսային վարչարարության էական բարելավումն է, երկրորդը՝ դատական համակարգի կատարելագործումը, երրորդը՝ շինարարության ոլորտում թույլտվությունների մեխանիզմների կատարելագործումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ներդրումները լինեն ձեռնտու:

 

Երրորդ առանձնահատկությունը, որի վրա ես ուզում եմ կանգ առնել, կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի օրից Հայաստանի Հանրապետությունում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այս համակարգին մենք նախապատրաստվել ենք 10 տարի: Այս համակարգի մշակման վրա աշխատել են Հայաստանի Հանրապետության երկու նախագահներ, երեք վարչապետներ, կոալիցիոն չորս կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: Եվ այս 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ֆորմատներով քննարկումներ, այդ թվում՝ ընդլայնված երկու նիստ հանրապետության նախագահի մոտ, որին 2010 թվականին մասնակցում էին մեր կոալիցիոն գործընկերները, այնպես էլ մասնագետներ, որոնք ունեին քննադատական մոտեցումներ հայեցակարգի նկատմամբ: Այս հայեցակարգը քննարկվել է զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ: Ես անձամբ տասնյակ սեմինարներ եմ կազմակերպել՝ ներկայացնելու այս հայեցակարգի տրամաբանությունը և մեխանիզմները, որ մենք ձեզ հետ ընդունել ենք 2010 թվականին:

 

2009-2010 թվականների ընթացքում որոշում ընդունեցինք ընդառաջ գնալ մեր ընդդիմախոսներին և այս հայեցակարգի ներդրումն իրականացնել 2014 թվականի հունվարի 1-ից: Այսինքն, նաև ժամանակահատված էր տրված, որպեսզի մասնավոր հատվածը նախապատրաստվի համակարգի ներդրմանը, ինչպես նաև, որպեսզի պետությունը ևս մեկ անգամ փորձարկի այն ենթակառուցվածքները, որոնք նախապատրաստել ենք այս համակարգը ներդնելու համար: Ուզում եմ շեշտել, որ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդ բարեփոխումները: Եվ այս բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից մեկն է, որովհետև այս ռեֆորմն առնչվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և մեր տնտեսական համակարգի բոլոր ոլորտների հետ:

 

Հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք շուրջ 510 հազար թոշակառու և 2014 թվականի պետական բյուջեով հատկացրել ենք շուրջ 240 միլիարդ դրամ՝ թոշակներ վճարելու համար: 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը կավելանա 15 տոկոսով՝ 31 հազար դրամից հասնելով 36 հազարի: Բայց մենք ձեզ հետ քաջ գիտակցում ենք, որ այդ թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար:

 

Եթե հաշվի առնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, իսկ առողջապահական նվազագույն զամբյուղը՝ 51 հազար դրամ, բազային կենսաթոշակը՝ ընդամենը 14 հազար դրամ, ապա կտեսնենք, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են թոշակների հաշվին՝ գտնվում են աղքատության շեմից ցածր մակարդակի վրա: Որպեսզի մենք կարողանանք բազային կենսաթոշակը 14 հազարից հասցնել 41 հազարի, մեզ միայն այդ գործողության համար կպահանջվի առնվազն 270 մլրդ լրացուցիչ ֆինանսավորում:

 

Իսկ դա կնշանակի, որ եթե մեր պետական բյուջեի 48 տոկոսն այսօր սոցիալական ծախսեր են, ևս 20-25 տոկոսային կետով ավելացումը թոշակների վճարումների, մեր պետության համար այնպիսի բեռ է, որ մենք չենք կարող այդ բեռը դնել պետական բյուջեի վրա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 500 հազար քաղաքացի է այսօր վճարում եկամտային հարկ, և Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում է սերունդների համերաշխության սկզբունքը: Այսինքն՝ այդ սոցիալական հարկի շնորհիվ մենք պետք է ապահովենք մեր ծերածող բնակչության արժանավայել կենսաթոշակները:

 

Հնարավո՞ր է արդյոք այս խնդիրը լուծել: Այո, հնարավոր է, եթե մենք ձեզ հետ միասին շեշտակիորեն ավելացնենք սոցիալական հարկերը Հայաստանի Հանրապետությունուոմ կամ, եթե մենք ձեզ հետ միասին փոխենք կենսաթոշակի անցնելու տարիքը: Այս խնդիրը մեզ համար ավելի շոշափելի և ցավոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ծերացող հասարակություն: Այսօր 60 և ավելի տարիք ունեցող մեր բնակչության թվաքանակը կազմում է 15 տոկոս ընդհանուր բնակչության թվի մեջ: Իսկ սա նշանակում է, որ մենք ծերացող հասարակություն ենք:

 

Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների ալիքը, որը մոտակա տարիներին հասնում է կենսաթոշակային տարիքի շեմին, ենթադրում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում շեշտակիորեն ավելանալու է Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թիվը: Իսկ սա նշանակում է, որ պետական բյուջեի վրա սոցիալական ծախսերի բեռը տարեցտարի խորանալու է, և մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք գտնել լուծում՝ որն է այն լավագույն համակարգը, որը հնարավորություն կտա լուծել այս խնդիրը: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս խնդիրը բնորոշ չէ միայն Հայաստանի Հանրապետությանը:

 

21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից մեկը համարվում է կենսաթոշակային ճգնաժամը, որն ամբողջ աշխարհում այսօր, ֆինանսական հատվածում առավել ևս, համարվում է ամենաբարդագույն խնդիրներից մեկը: Եվ առաջին հերթին այս խնդիրը ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչության ծերացման միտումներ են արձանագրվում: Մենք համոզված ենք, որ այն կենսաթոշակային բարեփոխումը, որ մենք ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի, որովհետև մենք ձեզ հետ միասին անցնում ենք ավելի արդար համակարգի, որովհետև սերունդների համերաշխության մոդելով կառուցված կենսաթոշակային համակարգը ենթադրում է, որ այսօր թոշակառուն կարող է ստանալ այնքան կենսաթոշակ, ինչքան որ պետությունն ի վիճակի է հավաքագրել իր աշխատող քաղաքացիներից:

 

Իսկ դա նշանակում է աշխատող քաղաքացիների վրա բեռի ավելացում կամ հավասարաչափ թոշակների բաշխում: Իսկ դա նշանակում է, որ ձեր տարիների վաստակը նշանակություն չունի, երբ որ որոշվում է, թե ինչ թոշակ դուք պետք է ստանաք, քանի որ այդ ֆինանսական բեռը ընկնում է աշխատող սերունդի վրա: Կուտակային կենսաթոշակի համակարգն արդար համակարգ է, որովհետև հաշվի է առնում ձեր անձնական վաստակը, որովհետև ստեղծում է խթաններ, որպեսզի դուք կուտակեք ձեր ապահով ծերության համար: Քաղաքական սկզբունքը, որ մեզ հետ չի կիսում մեր ընդդիմախոսների բանակը, կայանում է հետևյալում՝ մենք հայտարարում ենք, այսուհետև ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլ նաև աշխատող քաղաքացին:

 

Եվ սա այն քաղաքական փոփոխությունն է, բովանդակությունն է մեր ռեֆորմի: Եվ մենք ասում ենք՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է պետության հետ միասին մտածել իր ապահով ծերության համար և պարտավոր է հատկացումներ կատարել ամեն ամիս իր անհատական հաշվի վրա: Լրացուցիչ խթան ստեղծելու համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծում մենք հատկացրել ենք 20 մլրդ դրամ, որովհետև 275 հազար քաղաքացի հունվարի 1-ից պետք է անցնի նոր համակարգի և առաջին վճարումները, մինչև փետրվարի 20-ը, պետք է իրականացնեն իրենց անհատական հաշվառման հաշիվների վրա: Եվ պետությունը ստանձնում է պարտավորություն 5 տոկոսով ավելացնել իրենց խնայողությունը, այսինքն՝ կրկնապատկել այն 5 տոկոսային վճարումը, որն իրականացնում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացի:

 

Տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը, որովհետև մենք ձևավորելու ենք «երկար փողերի» շուկա, առանց որի չի կարող լինել նաև երկարաժամկետ ռեսուրսների գոյացում մեր տնտեսական համակարգում, և երկարաժամկետ ռեսուրսները չեն ուղղվելու մեր տնտեսության զարգացմանը:

 

Սա բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու այն ծուղակը, որում մենք հայտնվել ենք սերունդների համերաշխության սկզբունքի ներքո գործող կենսաթոշակային համակարգի ներքո: Միևնույն ժամանակ մենք քաջ գիտակցում ենք, որ կա մի մեծ հատված, որը դժգոհում է այս համակարգից, քանի որ այս համակարգը որոշակի բարդություններ և դժվարություններ է ստեղծելու մեր քաղաքացիների համար, որովհետև ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծային կանոնների փոփոխություն, իսկ վարքագծային կանոնները մեզ հեշտ չեն տրվում:

 

Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել երրորդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրման համակարգի ներդրումը, որ մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք, և մենք հիշում ենք, թե ինչ փաստարկներ էին բերում մեր ընդդիմախոսները, ինչ մեղադրանքներ էին ներկայացնում կառավարությանը, քանի որ մենք ձեզ հետ միասին գիտակցաբար յուրաքանչյուր մեքենա ունեցող քաղաքացու վրա դրեցինք բեռ՝ միջինում 30 հազար դրամ նրանք պարտավոր էին վճարել ապահովագրելու երրորդ անձանց համար ռիսկերը:

 

Ընդամենը երկու եռամսյակ հետո այս համակարգը ներդնելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, դրական է գնահատում այս համակարգը: Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային այն համակարգը, որ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի դատին, արժանանալու է նույն ճակատագրին: Մեր քաղաքացիները դրական են գնահատելու պարտադիր կուտակային համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

 

Հաջորդ խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, հարգելի քաղաքացիներ, հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, սա հեշտ որոշում չէ, որովհետև այսօր ստեղծելով դժվարություններ մեր քաղաքացիների համար՝ մենք մտածում ենք ապագա սերունդների մասին, որովհետև ընդամենը 23 տարի հետո առաջին օգտվողները կուտակային հաշիվներից նոր ի հայտ են գալու: Բայց մենք, գիտակցելով և ստանձնելով այս քաղաքական պատասխանատվությունը, համոզված ենք, որ հապաղել այլևս չի կարելի, օր առաջ այս համակարգը մենք պետք է ներդնենք, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը, որը մեզ սպասում է, եթե մենք համերաշխության սկզբունքից չանցնենք կուտակային սկզբունքին:

 

Միևնույն ժամանակ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այս օրերի ընթացքում բուռն քննարկումներ են գնում այս հարցի շուրջ, և մեր քաղաքացիներն արտահայտում են ոչ միայն դժգոհություն, մտահոգություններ, այլև բազմաթիվ հարցեր են ուղղում կառավարությանը:

 

Երեկ ես հանդիպեցի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի երիտասարդներին, որոնք նույնպես բավական ակտիվ քննադատում էին այս հայեցակարգը: Երկու ու կես ժամ բանավեճ էր, որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք, թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին և տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: Բայց մի բան ինձ չափազանց ուրախացնում է. մենք ձեզ հետ տեսնում ենք, թե օրեցօր ինչպես է ուժեղանում քաղաքացիական հասարակությունը: Այս ռեֆորմն ընդամենը 4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը, որովհետև մենք ձեզ հետ միասին պատասխանատու քաղաքացու համար ստեղծում ենք միջավայր:

 

275 հազար քաղաքացի ինքնուրույնաբար պետք է որոշում կայացնի, թե որ կուտակային սխեմային է ինքն ուզում մասնակցել: 275 հազար քաղաքացի ամեն ամիս վերահսկելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև մենք պարտավոր ենք ամեն ամիս կրկնապատկել նրանց խնայողությունը: 275 հազար քաղաքացի ամեն օր վերահսկելու է օպերատորին, որը կառավարելու է կենսաթոշակային հիմնադրամը, վերահսկելու է տոկոսադրույքները, թե ինչպիսի տոկոսադրույքներ են նրանք ստանում այդ խնայողությունների դիմաց, արդյոք արդյունավետ են կառավարում իրենց միջոցները և մեզանից պահանջելու են, որպեսզի իրենց միջոցները մշտապես գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք պատշաճ վերահսկողություն իրականացնենք: Դա իրենք իրականացնելու են առնվազն 40-45 տարվա կտրվածքով, որովհետև նրանք իրենց խնայած այդ միջոցները գիտեն, որ ստանալու են, երբ անցնեն թոշակի:

 

Մենք ձևավորում ենք որակապես նոր միջավայր, որակապես նոր քաղաքացի, որը պատասխանատու է լինելու իր որոշումների համար, և դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի ուժեղանալու է այս տարիների ընթացքում: Կառավարությունը նույնպես պետք է սովորի աշխատել այդ միջավայրում, որովհետև քաղաքացիական հասարակություն նշանակում է առաջին հերթին անվստահություն այն գործիքների նկատմամբ, որոնք պարտադրում են քաղաքացուն այս կամ այն գործողությունը: Ընդհանրապես պարտադրանքի ինստիտուտի նկատմամբ պետք է լինի շատ զգուշավոր մոտեցում և լրջագույն վերահսկողություն, և ես չափազանց ուրախ եմ, որ այսօր այդ միջավայրը, այդ մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում կա, և դա է երաշխիքը, որ այս համակարգը լինելու է արդյունավետ և ծառայելու է մեր ժողովրդի շահերին:

 

Հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բյուջեի շահագրգիռ քննարկումների համար:

 

Շնորհակալություն: