Տարբեր կառույցների քննիչներին մեկ մարմնում միավորող Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա կիրառել ստանդարտացված կանոններ, գործընթացներ, դասընթացներ և մեթոդներ՝ քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով:
Այսպիսին է Հայաստանի Հանրապետության Եվրոմիության Խորհրդատվական խմբի անդամ, դատաիրավական բարեփոխումների քաղաքական խորհրդական Դոկտոր Չարլս Է.Էրլիչի տեսակետը: Միացյալ քննչական մարմնի ստեղծումն, ըստ նրա, քննության որակի վերաբերյալ առկա բոլոր բողոքները շտկելու ուղղությամբ կատարվող կարևոր քայլ է:
Եվրոպացի մասնագետը պարզաբանում է, որ քաղաքացիական հասարակությունից և Փաստաբանների պալատից մտահոգություններ է լսել առ այն, որ Հայաստանում քննության որակը չափազանց ցածր է. քննիչները չունեն համապատասխան որակավորում՝ մի կողմից ցածր աշխատավարձի, մյուս կողմից ցածրորակ դասընթացների պատճառով: Դա կարող է հանգեցնել մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ոչ արդար քրեական հետապնդման:
Դատաիրավական բարեփոխումների քաղաքականության խորհրդականը գտնում է, որ նոր մարմնի՝ անկախ կառույց լինելու որոշումը պարտավորեցնող է, սակայն միաժամանակ ընդգծում, որ իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության սկզբունքների ճիշտ համադրման դեպքում անկախ կառույցները բարձրացնում են պրոֆեսիոնալիզմի մակարդակը և իջեցնում առանցքային հասարակական գործառույթների քաղաքականացումը:
Դոկտոր Չարլս Է. Էրլիչն ընդգծում է, որ Եվրոպայի Խորհուրդը, որին Հայաստանն անդամակցում է 2001 թվականից, հետևողականորեն անդրադարձել է հանրային կառույցների անկախությանը՝ կարևորելով անկախության երեք բաղադրատարր՝ ֆինանսական անկախությունը, նշանակումներ կատարելու և պաշտոնի զբաղեցման ժամկետները որոշելու անկախությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու անկախությունը, ինչպես նաև՝ պրոֆեսիոնալ ինքնավարությունը: Մանրամասները կարդացեք այստեղ: