Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնության հայտարարությունը.
«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է՝
-Սերժ Սարգսյանի կողմից «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելը,
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելը,
-Մաքսային Միությանը բռնակցման ճանապարհային քարտեզի պատրաստումը,
-Կառավարության կողմից կնքված և ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացված երեք նվաստացուցիչ համաձայնագրերը գազի և նավթամթերքի վերաբերյալ։
Փաստում է՝
Մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ՀՀ իշխանությունը յուրացնող վարչակարգը, ստելով և թաքցնելով ՀՀ հասարակությունից իրականում տեղի ունեցող գործընթացները, նպաստում է մեր պետականության վերացմանը, որի իրավական ու վերջնական ձևակերպումը կլինի Հայաստանի մուտքը Մաքսային Միություն և Եվրասիական Տնտեսական Միություն։
Տեղեկացնում է՝
Այդ միությունների շրջանակներում մշտական գործող Եվրասիական Տնտեսական հանձնաժողովը վերազգային մարմին է։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար։ Նրա հիմնական գործառույթները կայանում են Մաքսային Միության և ԵՏՄ-ի գործունեությունն ու զարգացումն ապահովելը։ Այն առաջնորդվում է բացառապես Եվրասիական հանրության ամբողջացված շահերով՝ ստորադասելով որևէ առանձին անդամ պետության շահերը։
Հետևաբար ստորադասվելու է նաև ՀՀ հասարակության շահերն, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու ազատ զարգանալու հնարավորությունները։
Մատնանշում է՝
Ինքնիշխանության կորստին տանող գործընթացում մեղավորություն ունեն նաև այն քաղաքական ուժերն ու գործիչներն, ովքեր չեն ընդվզում Հայաստանը Մաքսային Միության և Եվրասիական Տնտեսական Միության բռնակցման գործընթացի դեմ՝ լռելյայն նպաստելով դրան:
Կոչ է անում՝
ՀՀ Ազգային Ժողովում անհապաղ իմպիջմենտի գործընթաց սկսել, որպես ապապետական վարչակարգի հեռացման սկիզբ:
Պահանջում է՝
Գործող իշխանության հրաժարականը' Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնություն
19.12.2013 թ.