Ճգնաժամը փուլային տարբերակով հրամցվում է մեզ բոլորիս' բացառությամբ իշխանավորների, օլիգարխների, իշխանավոր-օլիգարխների և նրանց ընտանեական շրջապատին, շատ մտերմիկ ազգականների։ Ի դեպ ներկայացվող ճգնաժամը իր մեջ ներառում է դասական ճգնաժամի ողջ փաթեթը կամ բոլոր հնարավոր փուլերը' ֆինանսական, տնտեսական, սոցիալական և քաղաքական։ Այն բնորոշ է ոչ միայն Հայաստանին և հայերին։ Սակայն ճգնաժամի ներկա փուլում առավել բացահայտ է երևում հայ պետական այրերի մտածողության և բարոյականության բոլոր դրսևորումները։

 

Հայ շարքային քաղաքացին իր բնութագրական տեսակով առավել համբերատար է և համակերպվող դժվարություններին, փորձում է հույսը չկտրելով օրվա հացի խնդիր լուծել և մշտապես կրկնել փառք Աստծո եղածով բավարարվենք…, միայն փորձանք չլինի և հիվանդ չունենանք։

 

Ահա նման մարդկային քիչ սոցիալական պահանջ ունեցող 2.5 մլն. հանրության հետ կողք-կողքի ապրում են, բայց չեն արարում մի քանի հարյուր ընտանիքներ, որոնք կորցրել են ինքնաբավ լինելու բոլոր չափորոշիչները։

 

Ավելին երեսփոխանները կարող են իշխանական բուրգի օրենսդիր թևում կոճակ սեղմել, գործազուրկին տրվող 18.000 ՀՀ դրամ նպաստը տնտեսելու «բարձր գիտակցությամբ» և միաժամանակ իրենց անարդյունավետ աշխատանքը «համեստորեն» գնահատելով իբրև աշխատավարձի պատիկ անգամ բարձրացման անհրաժեշտություն։ Այո նրանք կարող են առանց աչք թարթելու քառորդ դար հետո տրվող կենսաթոշակը օր ու գիշեր գովազդել և հետո քար ժպիտը դեմքներին ասել, որ սա քաղաքակիրթ աշխարհի սոցիալական բնութագրիչ է, որպեսզի մարդը իր ծերությունը բարվոք ապրի։ Ահա այստեղ ես ցանկանում հարցնել մենք ինչ՞ կապ ունենք քաղաքակիրթ աշխարհի հետ, որտեղ ժողովրդավարությունը չի ենթադրում օրենսդիրի կողմից 2013թ. դեկտեմբերի 4-ին ԱԺ-ի նիստի ձախողում, որը առավել բնութագրական ձևով կարելի է ներկայացնել իբրև իշխող օրենսդիրի կողմից կազմակերպված գործադուլ։ Ստեղծված իրավիճակը փորձում են ներկայացնել իբրև քաղաքական պայքարի բոյկոտի ձև, սակայն այս պարագայում իշխող թևի գործադուլը առավել ուղված է եղել աշխատավորության շահերի դեմ և աշխատավոր մարդու դեմ։ Բնականաբար այս պարագայում աշխատավորության հարկերից գոյացած միջոցներով պահվող իշխանությունը գոնե պետք է ուժ գտներ իր մեջ պարտադիր կենսաթոշակային կուտակային բաղադրիչի հարցը դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում քննարկելու համար։ Ճիշտ կլիներ բոյկոտելու համար նրանց աշխատավարձից պահում կատարվեր և ոչ թե աշխատավարձի բարձրացման հարց քննարկվեր։

 

Ստեղծված իրավիճակում գուցե նպատակահարմար է պարտադիր կաթիլային բարոյականության բաղադրիչ ներմուծելու և ներդնելու խնդիր քննարկվի։

 

Բոլոր դեպքերում, բժշկագիտությունից կարելի է քաղաքական դասեր առնել։

 

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար 'Գառնիկ Վաղարշակյան